Ամերիկյան եւ ռուսաստանյան պատվիրակությունների այցը Հնդկաստանի մայրաքաղաք Դելի համընկել է: Պատվիրակությունները տեղավորվել են նույն հյուրանոցում: Դա լավ առիթ է դարձել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու կլիմայի խնդիրներով ԱՄՆ հատուկ բանագնաց, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին քննարկումներ ծավալեն կլիմայի խնդիրների շուրջ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին Օբամայի կառավարման տարիներին ծանր եւ երկարատեւ բանակցություններ են վարել միջազգային օրակարգի՝ Սիրիայի, Ուկրաինայի, Եմենի, Իրանի միջուկային ծրագրի խնդիրների եւ նման այլ հարցերի շուրջ։
Հետաքրքիր է, որ 2016-ին, այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Հնդկաստան ժամանելուն պես Նյու Դելիում հորդառատ անձրեւների պատճառով երկու ժամ մնացել է խցանման մեջ:
Նշենք, որ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը պաշտոնապես վերադարձավ կլիմայի փոփոխությունների դեմ փարիզյան համաձայնագրին՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում առաջատար երկիր դառնալու մղումով: