Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների ծրագիր ստանալն է:
Զելենսկին պնդել է, որ ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն է: Ուկրաինայի իշխանությունները հանձնառու են բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ անդամակցության շուրջ գործողությունների ծրագիրը նախազգուշացում կլինի Ռուսաստանի համար:
Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել է, որ Ռուսաստանն իր զորքերը կենտրոնացրել է Ուկրաինայի մատույցներում՝ դրանք հարձակման մակարդակի բերելով: