Օրերս Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի խանութներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքի բնակիչ, 30-ամյա տղամարդու, անհայտ անձանց եւ խանութի սեփականատիրոջ միջեւ։ Պատճառը եղել է առանց դիմակի խանութ մտնելու համար սեփականատիրոջ արած դիտողությունը։
Անդիմակ հաճախորդները ձեռքերով ու ոտքերով, նաեւ քարով հարվածներ են հասցրել խանութի սեփականատիրոջը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Դրանից հետո տուժողին թողել են դեպքի վայրում եւ նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, բայց դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում անցած մեկ օրում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 1025-ով՝ հասնելով 198898-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 20 դեպք։