Եվրամիությունն ու Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը, ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի դեմ պայքարի շրջանակում, հավելյալ 100 թթվածնի խտացուցիչ են տրամադրել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ դրանց քանակը հասցնելով 200-ի:
Խտացուցիչների փոխանցմանը ներկա են եղել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցեւը եւ ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
COVID-19-ի համավարակի տարբեր փուլերում, հաշվի առնելով երկրի կարիքները, Հայաստանին տրամադրվել է 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոց, 20 էլեկտրասրտագրության սարք եւ 11 բուժառուի մոնիտոր։ Թեստավորման ծավալները մեծացնելու նպատակով տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։
Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվի 22 արհեստական շնչառության սարք եւ 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։