Բելառուսում Ուկրաինայի նախկին դեսպան եւ դիվանագիտական արարողակարգի դասախոս Ռոման Բեսսմերտնին ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած պատվիրակությանը Քաթար այցի ժամանակ թույլ տված կոպիտ սխալների համար:
Ըստ նախկին դեսպանի՝ մահմեդական երկրներում միանգամայն անթույլատրելի է փաստաթղթերը ձախ ձեռքով ընդունելը, քանի որ ձախ ձեռքը «կեղտոտ» է համարվում:
Ռոման Բեսսմերտնին, որը Դոհայում ուկրաինական պատվիրակության պահվածքի մասին դատել է հանդիպման լուսանկարներով, ասել է, թե կնախընտրեր, որ այդ այցն առհասարակ չլիներ:
Պատվիրակության այցի լուսանկարները քննադատությունների հեղեղից հետո հեռացվել են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից:
Դրանցից մեկում Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ու արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ոտքը ոտքին գցած նստած են Քաթարի պատվիրակության դիմաց, եւ տանտերերին տեսանելի են բարձրաստիճան հյուրերի կոշկատակերը, ինչը Քաթարի արարողակարգային կանոններով անպատշաճ վերաբերմունք է տանտերերի հանդեպ:
Էթիկայի գծով մասնագետներն էլ քննադատել են ուկրաինական պատվիրակության անդամ աղջկա կիսաշրջազգեստի՝ պաշտոնական այցերի համար ոչ վայել կարճությունը: