Թուրք ռեժիսոր Շահինի «Մուալիմ» («Ուսուցիչը») ֆիլմն արժանացել է American Golden Picture միջազգային կինոփառատոնի հինգ մրցանակի, որոնցից երկուսը՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերում:
Շահինը, որը Թուրքիայում ստացել է կինեմատոգրաֆիական, իսկ ԱՄՆ-ում՝ ռեժիսորական կրթություն, նշել է, որ «Մուալիմը» արծարծում է երկրի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կյանքի բեւեռացման խնդիրը:
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են սուլթան Աբդուլ Համիդի ժամանակներում:
Ֆրանսիայում ուսում ստացած հերոսը՝ Ալին, Անատոլիա վերադառնալուն պես առնչվում է Եվրոպայում իր ուսումնառության տարիներին յուրացրածի եւ Օսմանյան կայսրության արժեհամակարգերի միջեւ բախմանը: Նա հայրենակիցներին խավարամիտ է համարում:
Ալիին գործուղում են գյուղական դպրոցում դասավանդելու: Նա ստիպված է ապրել մարդկանց մեջ, որոնց արհամարհում է եւ ավելին՝ պիտի դառնա նրանցից մեկը:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ ռեժիսորն ընդգծել է, որ պատմական փաստերին հղում անելով՝ ֆիլմը բացահայտում է իշխանության համար գաղափարական պայքարի վրա ծախսած էներգիայի ու ժամանակի կործանարար հետեւանքները՝ պետության թուլացումը, արտերկրի, արտաքին ազդեցությունների հանդեպ խոցելիությունը: