«Տուն չունենք, տեղ չունենք, ո՞ւր գնանք: Մեր Հադրութն էլ մերը չէ… Ով էլ գնացել է, տեղավորվելու խնդիր ունի: Նոր տները երեք տարվա մեջ պետք է կառուցեն: Մարդիկ վախենում են հետ գնալուց. նորից գնան, տուն-տեղ դնեն, ինչքա՞ն ժամանակ կկարողանան այդ նոր տանն ապրել: Ի՞նչ կարգավիճակ կունենա Ղարաբաղը: Անորոշ է, անվտանգության խնդիր կա»,- պատերազմի արհավիրքն աչքերում՝ ասում է 37-ամյա հադրութցի Մարինեն [անունը փոխված է իր ցանկությամբ]:
Հադրութցի կինը երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել պատերազմի առաջին օրերին: Պետական համակարգի աշխատակից է եղել: Տնից ոչինչ չեն կարողացել վերցնել, Երեւան հասել են ձեռնունայն: Բարի մարդկանց շնորհիվ Ժամանակավոր ապաստան են գտել Աբովյանում:
Պետական աջակցությունը՝ 68300 դրամի չափով, ստացել են, սնունդով նույնպես ապահովված են, հասարակական կազմակերպությունները եւս աջակցում են տարբեր հարցերում, բայց ապագայի անորոշության տագնապը չի լքում նրանց:
«Մենք ի՞նչ կարգավիճակ ունենք այստեղ: «Տեղահանվածը» ոչ մի բան չի տալիս: ՀԿ-ները, թաղապետարան-քաղաքապետարանները որոշ չափով աջակցում են, բայց դա ինչքա՞ն կշարունակվի: Հյուրանոցներ կան, որ ասել են՝ ապրիլի 18-ից պետք է դուրս գաք, այլեւս չեն կարող պահել տեղահանվածներին: Մեր կարգավիճակն անհասկանալի է: Ո՞ր մի միջազգային կազմակերպությունը կգա, իմ խնդիրներով կզբաղվի, երբ ես ունեմ կապույտ անձնագիր»,- ասում է Մարինեն:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի տեղեկատվական շտաբի համաձայն՝ Հադրութի շրջանի 3500 տնտեսությամբ բնակավայրերից տեղահանվել է մոտ 14000 մարդ: Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության մինչեւ 30000 բնակիչներ այսօր դեռ ապաստանում են Հայաստանում: Ու թեեւ նրանք ունեն ՀՀ անձնագրեր, սակայն ՀՀ քաղաքացի չեն, ԱՀ քաղաքացի են, բայց նաեւ չեն համարվում փախստականներ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի Հանրապետությունից տեղահանված քաղաքացիների մասով առանձին որեւէ իրավական կարգավիճակ չկա. «Նրանք չեն կարող փախստական դիտվել՝ հաշվի առնելով Փախստականների մասին կոնվենցիայի այն դրույթը, ըստ որի՝ եթե հյուրընկալող երկրում ռիսկի գոտուց տեղափոխված անձանց տրամադրվում են բոլոր հիմնական իրավունքները, ապա Կոնվենցիան նրանց վրա չի տարածվում: Ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանված անձանց վրա կոնվենցիան չի տարածվում, բայց դա որեւէ կերպ չի նսեմացնում նրանց տեղահանված լինելու սոցիալական հանգամանքը:
Թյուրըմբռնում կա, որ անձը պարտադիր պետք է ունենա փախստականի կարգավիճակ, քանի որ այդ դեպքում կունենա ավելի մեծ սոցիալական աջակցության երաշխիքներ: Նման բան ուղղակի գոյություն չունի որեւէ իրավական ակտով: Եվ այս անձինք, հաշվի առնելով իրենց խոցելիությունը, շատ ավելի մեծ աջակցություն են ստանում պետության կողմից:
Միջազգային կառույցների կողմից եւս տվյալ անձինք համարվում են տեղահանվածներ, այսինքն՝ եթե դիտենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատի տեսանկյունից, ապա նրանք պարտավորվում են աջակցել բոլոր տեղահանվածներին: Իսկ այս անձինք տեղահանվածներ են, եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ այսօր եւս աջակցություն են ցուցաբերում նրանց: Այդ առումով որեւէ մեծ տարբերակում չկա»:
Ըստ Ղազարյանի՝ տեղահանվածի կարգավիճակն իրավական չէ, այն նկարագրում է փաստացի իրավիճակը. «Նրանց իրավական կարգավիճակը Արցախի Հանրապետության քաղաքացին է: Այսինքն՝ ԱՀ քաղաքացիներ են, որոնք անձնագրավորված են ՀՀ անձնագրերով, որպեսզի կարողանան իրացնել իրենց ազատ տեղաշարժի իրավունքը, կրթության իրավունքը: Սրա մասին վկայակոչում կա նաեւ 2017 թվականի ՄԻԵԴ-ի «Չիրագովն ընդդեմ ՀՀ» գործով վճռում»:
Շուրջ մեկ ամիս առաջ Արցախի նախագահական նստավայրում տեղահանված բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ չեն հրաժարվում Հադրութի շրջանից:
«Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ հետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասաց նա:
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում բռնազավթված տարածքների դեօկուպացիայի ուղղությամբ:
«Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի Հանրապետության տարածքի գրեթե 80 %-ը, այդ թվում՝ Հադրութի շրջանը։ Մեզ համար ԱՀ բռնազավթված տարածքների դեօկուպացիան առաջնային խնդիր է, եւ այս ուղղությամբ մենք իրականացնելու ենք համապատասխան աշխատանքներ։ Պատերազմի պատճառով Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ ապաստան գտնելով նաեւ ՀՀ տարբեր շրջաններում։ Պետության կողմից իրականացվում են տեղահանված քաղաքացիների աջակցության մի շարք ծրագրեր։ Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ բոլորը վերադառնան Արցախ, ինչի համար ստեղծվում են համապատասխան պայմաններ»,- ասաց Բաբայանը:
Ըստ արտգործնախարարի՝ Արցախի տարածքում գտնվող տեղահանված արցախցիներն օգնություն են ստանում նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակից, ՌԴ խաղաղապահ առաքելության եւ տարբեր այլ կազմակերպությունների կողմից:
Նկատենք, որ տեղահանվածների հիմնական իրավունքները չեն ներառում ընտրական իրավունքները: Այսինքն՝ բնակվելով Հայաստանում, հադրութցիներն ու մյուս տեղահանվածները չեն կարող ՀՀ-ում մասնակցել ընտրական գործընթացներին:
Դավիթ Բաբայանը նշում է, որ Արցախի բնակավայրերից տեղահանված անձինք ՀՀ ընտրություններին մասնակցելու իրավունք իհարկե չունեն, քանի որ ԱՀ քաղաքացիներ են։ «Արցախի Հանրապետության ընտրություններին նրանց մասնակցությունը կարգավորվում է ԱՀ օրենսդրությամբ, մասնավորապես ԱՀ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով, որի համաձայն՝ համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում»,- ասաց Բաբայանը։
Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ: