Պատերազմից առաջ Մարգարիտա Գրիգորյանը Հադրութի շրջանի Մոխրենես և Թաղուտ գյուղերի դպրոցներում անգլերեն էր դասավանդում: Անցյալ տարի, երբ համաճարակը տարածվեց նաեւ Արցախում, եւ փակվեցին դպրոցները, որոշեց զբաղվել մի գործով, որն էապես կտարբերվեր մանկավարժական իր գործունեությունից: Դիզափայտ լեռան ստորոտին ծվարած Տող գյուղում է ծնվել Մարգարիտան, այնտեղ են ծնվել նաև նրա երեք երեխաները:
Մարգարիտան սկսել է ուսումնասիրել Դիզակի բուսականությունը, բուսահավաքների է գնում, կենսաբան ընկերոջ խորհուրդներն էլ նրան օգնում են հասկանալու, որ 3-5 բուսատեսակից օգտակար համադրություն կարելի է ստանալ: Դիզակի բուսական աշխարհը բիզնեսի վերածելու միտքը հենց այդ ժամանակ հղացավ: Կանոնավոր բուսահավաքությանը միացան նաեւ ամուսինն ու երեխաները:
«Հաց ու պանիր վերցրած՝ բարձրանում էինք Դիզափայտի լանջերը, երեխաները նույնպես սկսել էին տարբերել խոտաբույսերը, իսկ դրանց բազմազանությունն ապշեցնող էր. Դիզակը հրաշալի ֆլորա ունի, սուր օդը, բույսերի համային գամման ոչ մի այլ տեղում չես հանդիպի»,- վստահեցնում է Մարգարիտան. այդպես էլ արվում են թեյի արտադրության առաջին քայլերը:
Հատուկ տեխնոլոգիայով էր չորացնում բույսերն ու փաթեթավորում: «Tea Togh» տարբերանշանի ձևավորման հարցում օգնել է գյուղում գործող «Մարո» հյուրատան տնօրեն Սերգեյ Զախարյանը, հյուրատանը Մարգարիտան հասցրել էր մի քանի անգամ ներկայացնել թեյափնջերը, տեղում նաեւ վաճառքն էր իրականացրել, օգոստոսի 20-ից «Tea Togh»-ն արդեն օրինական դաշտում էր, հետո բացվեց ֆեյսբուքյան էջը:
Մարգարիտան պատերազմի առաջին օրն է երեխաների հետ եկել Հայաստան, ամուսինը կամավոր մեկնել էր առաջնագիծ: Մի քանի փաստաթղթի հետ վերցրել էր մի կապոց ուրց եւ ուրցադաղձ: Շատերի պես Մարգարիտան էլ հույս ուներ, որ պատերազմը կարճ կտեւի, շուտով կվերադառնան:
Հիմա ԵՊՀ ուսանողական հանրակացարանում են ապրում, բնակարան ստանալու համար գրանցվել են, սպասում են, բայց դեռ Արցախ գնալ չեն կարող, պատերազմում վիրավորված ամուսինը վերականգնողական մի քանի փուլ պետք է անցնի: Թեյի արտադրությունը Մարգարիտան որոշել է շարունակել նաեւ այստեղ՝ հանրակացարանի իր սենյակում:
«Սկզբնական շրջանում դժվար էր. ամուսինս վիրավոր էր, կորցրել էինք տունն ու տարիների մեր աշխատանքը, բայց մի պահ «թափ տվեցի» ինձ եւ հասկացա, որ արտասվելով, նկարներով ապրելը խնդրի լուծում չէ: Ես իմ բաժին լուման պետք է ունենամ ապրեցնելու այն, ինչ թողել եմ այնտեղ: Գրեթե տասը տարվա մանկավարժ եմ, այսօր իմ՝ որպես անհատի ինքնադրսեւորման, գումար վաստակելու գործում օգնում են իմ թեյերը»,- սա էլ իր գոյապայքարի ձեւն է համարում Մարգարիտան:
Տողից բերված ուրցն ու ուրցադաղձը միայն բավական չէին թեյափնջեր պատրաստելու համար, բույսերի մեծ մասը տրամադրեց ընկերներից մեկը, որ Վայոց ձորում խոտաբույսերի մշակմամբ է զբաղվում, աստիճանաբար իրացման շրջանակն էլ մեծացավ: Վաճառքից ստացված գումարներով Մարգարիտան կարողացավ հոգալ բույսերի, կտորի, թելերի ծախսերը, գնեց նաեւ կարի մեքենա, այսօր արդեն ընտանիքի համար կենցաղային որոշ իրեր է գնել:
«Գիշերը վեր եմ կենում, վերցնում եմ բույսերն ու գնում խոհանոց՝ թեյափնջեր պատրաստելու. մտքերս այս կերպ եմ ցրում: Թեեւ կորստի ցավն ամեն րոպե ինձ հետ է, բայց օրեցօր զգացողություններս բթանում են: Եթե սկզբում սթրեսային վիճակում էի, ոչինչ չէի ուզում անել, միայն սպասում էի՝ հետ կգնանք, հիմա հենց այդ կետից փորձում եմ շարունակել»,- ասում է Մարգարիտան:
Մեկ ամսից արդեն Վայոց ձորում բուսահավաքներին անձամբ կմասնակցի, հետագայում կօգտվի նաեւ Արցախի բուսականությունից:
Մարգարիտայի պատրաստած թեյափնջերը հնարավոր է գտնել ֆեյսբուքյան «Tea Togh» էջում: Դրանք ոչ միայն անուշաբույր են, այլ նաեւ առողջարար: Սրոհունդից, ղանթափայից, ուրցադաղձից եւ անթառամից ստացած «Անուշ» թեյափունջն, օրինակ, կարգավորում է արյան ճնշումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ «Սիրուն» փունջը խնկածաղկի, դաղձի, վաղենակի, մոշի տերեւի եւ վարդի թերթիկների համադրություն է, որը կարգավորում է մարսողությունը, իսկ «Հրաշք» փունջն ուրցի, նանայի եւ երիցուկի համադրությամբ հանգստացնող հատկություն ունի: Բաղադրիչներում առկա եթերայուղերը կարգավորվում են մոշի տերեւներով։ Կան նաեւ հակացուցումներ, Մարգարիտան պատվիրատուներին նախապես զգուշացնում է դրանց մասին: Թեպետ առաքման կարգավորված ծառայություն դեռ չունեն, սպասում են վիրավոր ամուսնու ապաքինմանը, բայց պատվերը վերցնելու եկողներին Մարգարիտան միշտ հյուրասիրում է իր անուշաբույր ու առողջարար թեյերից:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։