22 փարավոնների մումիաներ են օրերս Կահիրեի եգիպտական թանգարանից տեղափոխվել Քաղաքակրթությունների ազգային թանգարան։
Եգիպտական մամուլից տեղեկանում ենք, որ արարողությունն ընթացել է հատուկ կազմակերպված ցուցադրությամբ, շքերթի գլխավոր դեմք է ընտրվել հայուհի Միրալ Մահիլյանը:
Կահիրեում մումիաները տեղափոխելու ճանապարհը հատուկ լուսավորվել եւ զարդարվել է, կրկնապատկվել է անվտանգությունը: Շքերթն անվանել են «Փարավոնների ոսկե շքերթ»։ Ուղիղ եթերում միջոցառմանն ու համերգին հետեւել են միլիոնավոր մարդիկ:
Համաճարակի սկզբից ի վեր սա Եգիպտոսում կազմակերպված ամենամեծ միջոցառումն էր, որի նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի ամիս:
Մամուլը նշում է, որ եգիպտական կառավարությունն այսպիսով փորձ է արել զբոսաշրջիկների ուշադրությունը կրկին հրավիրելու Եգիպտոսի վրա, որի հիմնական եկամտի աղբյուրներից մեկը՝ զբոսաշրջության ոլորտը, մեծ վնասներ է կրել համաճարակի պատճառով: 2019-ին ավելի քան 13 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս, մինչդեռ 2020-ին՝ ընդամենը 3,5 միլիոն։
Ազոտով լցված, հատուկ պատրաստված տուփերի մեջ տեղափոխվել են 18 թագավորի եւ 4 թագուհու մումիաներ, այդ թվում՝ Ռամզես II (Մեծ)-ի, Խատշեպսուտի՝ Եգիպտոսի միակ կին փարավոնի, եւ այլ նշանավոր փարավոնների, որոնք հին Եգիպտոսում իշխել են ավելի քան 3 հազար տարի առաջ։
Այս առիթով արաբական մամուլն անդրադարձել է շոուի գլխավոր դեմքին՝ Միրալ (Մարալ) Մահիլյանին՝ նշելով, որ նրա հայրը հայ է, մայրը՝ եգիպտուհի: Մոդելը նաեւ դերասանուհի է եւ մի շարք նշանավոր ապրանքանիշերի համար ընտրված դեմք: