Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Եվրահանձնաժողովը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Քովիդ-19-ի դեռեւս չբացահայտված շտամերի անհապաղ հետազոտության եւ դրանց դեմ պայքարին ուղղված նորամուծությունների համար 123 միլիոն եվրո է տրամադրել:
Նորարարությունների եւ հետազոտությունների հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը նշել է, որ Եվրահանձնաժողովը շարունակում է ի մի բերել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ համավարակի դեմ պայքարի եւ կորոնավիրուսի նոր մուտացիաներից բխող խնդիրների լուծման համար:
Հանձնակատարը նշել է նաև, որ շատ կարևոր է աշխատել նոր շտամերի բացահայտման, դրանց դեմ նոր պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների եւ բուժման եղանակների մշակման, ինչպես նաեւ բոլոր փուլերում տվյալների պատշաճ հավաքման եւ փոխանակման ուղղությամբ:
Առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը դեռեւս մարտին հայտնել է, որ Եվրահանձնաժողովը 200 միլիոն եվրո կտրամադրի ԵՄ-ում Քովիդ-19-ի նոր շտամերի ախտորոշման բարելավման, ինչպես նաեւ վիրուսի մուտացիաների «գրադարան» ստեղծելու եւ դրանք պատվաստանյութ մշակողներին տրամադրելու նպատակով: Նա նշել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակները լուրջ սպառնալիք են, եւ անհրաժեշտ է պատշաճ ձեւով արձագանքել: ԵՄ-ն պետք է գործի երկու ուղղությամբ՝ նոր շտամերի բացահայտման եղանակի բարելավման եւ դրանց դեմ պատվաստանյութերի ստեղծման: