ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն եւ Երեւանը շահագրգռված լինեն:
Նա շեշտել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ լինեն խաղաղ կարգավորմանն ու գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններն օգտագործելուն, ապա ԱՄՆ-ն երկու երկրներին օգնելու ճանապարհ կգտնի:
Քենթը նշել է Ռուսաստանի դերի փոփոխության մասին՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հրադադարի պայմանները Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելու փոխարեն եռակողմ ձեւաչափն ընտրեց:
Ամերիկացի դիվանագետի դիտարկմամբ անվտանգության հիմնական մարտահրավերը ԼՂ հակամարտությունն այն տեսանկյունից դիտարկելն է, որ երկու երկրներին հնարավորություն ընձեռվի վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնության գալու:
Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած, սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ինչպես քառորդ դար առաջ՝ Արցախյան առաջին պատերազմում հաղթած Հայաստանի դեպքում էր:
Ջորջ Քենթը կարծում է, որ բարենպաստ հնարավորություններ են ստեղծվում, այդ թվում` ապագայում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում, եւ հավելում, որ վերջինս, իհարկե, հնարավոր կլինի ոչ այս ամիս կամ այս տարի, այլ գուցե հեռավոր ապագայում: