Ըստ itel.am կայքի՝ հայ դպրոցականների երկու նախագիծ մայիսի 3-6-ը կմասնակցի Միջազգային գիտական եւ ճարտարագիտական փառատոնին:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացել էին «Քվանտ» վարժարանի աշակերտների «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» եւ Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտների «Շաքարային դիաբետը եւ ալկոհոլը» հետազոտությունները:
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանի, Ռոբերտ Սիմոնյանի եւ Դավիթ Գյուլամիրյանի ներկայացրած սարքը տարբերակում է հոտերը:
Տղաները նշել են, որ համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց միտում կա արհեստական բանականությամբ տարբերակելու մարդու զգայարանները, և իրենց ստեղծած արհեստական քիթն էլ այդ ոլորտից է:
Սարքը կիրառելի է տարբեր բնագավառներում. հարմար է գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու համար, օծանելիք ընտրելիս: Արհեստական քիթը տարբերակում է նաեւ մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու հնարավորություն կտա:
«Կորոնավիրուսով վարակվելիս մարդիկ հոտեր չեն զգում. սարքը նրանց շատ կօգնի»,- կատակել են տղաները:
Խմբի գիտական ղեկավարը նշել է, որ վերջնական նպատակը նորամուծությունը հեռախոսների համար հասանելի դարձնելն է: