Կառավարությունը մաքսային արտոնություն է տվել միանգամից չորս ընկերությունների: Գերակա ոլորտներում ներդրումների`տեխնոլոգիական սարքավորումներ, հումք եւ այլ նյութեր ներկրելու համար կառավարությունը արտոնություն տալիս է դիմող բոլոր ընկերություններին: Բայց քանի որ անցած երկու տասնամյակներում բիզնեսը հիմնականում կենտրոնացված է եղել պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում, արտոնությունն էլ հիմնականում նրանք են ստանում:
Ճիշտ է, դա օրենքի խախտում չի ենթադրում, բայց երեւույթը որոշակի կոռուպցիոն տարր պարունակում է:
Այդպիսով կառավարության նիստերի օրակարգում առաջինն աչքի ընկավ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար:
Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ն ու Սուքիասյանին վերագրվող եւս երեք ընկերություններ զբաղվել են ավազահանքերի շահագործմամբ, վերջին տարիներին իրականացրել նաեւ կառուցապատում։ Օրինակ՝ Արաբկիր համայնքում «Ադոնց բնակելի համալիրը»։
Սա առաջին անգամը չէ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ը մաքսային արտոնություն ստացել է նաեւ նախկին իշխանությունների օրոք:
Երկրորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն է: Իսկ «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն ճանապարհների վերանորոգման մրցույթներ է շահում ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում:
Ջերմոցային տնտեսությունն ընդլայնելու համար 87.7 մլն դրամի արտոնություն ստացավ «ՌՈՔ ԲԵՐԻ» ընկերությունը: Վերջինս հիմնադրվել է 2017 թվականին, ելակ է աճեցնում: Այժմ պատրաստվում է ներկրելու 17 մլրդ դրամի միջոցներ, որ եւս 3 հեկտարով ավելացնի ջերմոցային տարածքը: Ընկերության հիմնադիր Ալեքսան Առաքելյանը հանրությանն այնքան էլ հայտնի չէ: Անցած տարի օգոստոսին «ՌՈՔ ԲԵՐԻ» կատարած այցի ընթացքում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտել հետեւյալ «թեւավոր» մտքերը՝ «առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, առանց ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ»:
Չորրորդը «Բետոնագործ» ընկերությունն է 149,4 մլն դրամի արտոնությամբ։ Վերջինս ներկրելու է 2,2 մլրդ դրամի սարքավորումներ եւ շինանյութ:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։