Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին, նշել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները չպետք է փչացնեն համագործակցությունը:
«Թուրքիան եւ Ամերիկան բազմամյա դաշնակցային հարաբերություններ ունեն եւ անդրատլանտյան համերաշխության ամենակարեւոր երկու մեծ երկրներն են»,- շեշտել է թուրք դեսպանը:
Մերջանը, պատասխանելով ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածության հարցին, նշել է, որ այդ թեմայի շահարկումը ոչ ոքի օգուտ չի բերի:
Դեսպանի կարծիքով թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար ազդող խնդիրներից մեկն էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է:
«Առ այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ այսպես կոչված «ցեղասպանություն» բառը չի օգտագործել: Նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում կկայացնի՝ օգտագործե՞լ այդ եզրը, թե՞ ոչ»,- ասել է նա:
Մերջանը նշել է, որ այդ հարցում, իրավիճակով պայմանավորված, Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: