Հռոմի պապը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի պաշտոնյաներին այս օրերին տեղի ունեցող գարնանային նստաշրջանի առթիվ:
Ըստ Սուրբ աթոռի մամուլի ծառայության՝ պապն այս կազմակերպություններին կոչ է արել զգալիորեն կրճատելու ամենաաղքատ երկրների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելացած պարտքերը:
«Անհրաժեշտ է պայքարել աղքատության, անհավասարության, գործազրկության, տնանկության, սակավահողության եւ մարդկանց սոցիալական ու աշխատանքային իրավունքների խախտման համակարգային պատճառների դեմ»,- նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ֆրանցիսկոսը կոչ է արել ստեղծելու համընդհանուր կառավարման նոր ինստիտուտներ եւ վերականգնելու հները՝ մարդկային ներուժի զարգացմանն աջակցելուն միտված միջազգային հարաբերությունների նոր ցանց ստեղծելու համար:
Նրա դիտարկմամբ՝ ամենաաղքատ եւ ամենաքիչ զարգացած երկրներն այդպիսով ավելի նշանակալի դեր կստանան աշխարհում որոշումների ընդունման գործում, եւ կդյուրանա միջազգային շուկա նրանց մուտքի հնարավորությունը:
Հռոմի պապը կրկին հիշեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման անհրաժեշտության մասին: «Չենք կարող շուկայական տնտեսության օրենքներին թույլ տալ հաղթանակ տանել սիրո օրենքների եւ բոլոր մարդկանց առողջության նկատմամբ»,- նշել է նա: