Ադրբեջանն անօրինական կերպով պահում է 200 հայ ռազմագերու եւ քաղաքացիական անձի։
Միջազգային մարդասիրական իրավունքի կարեւոր սկզբունքներից մեկը ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների հանդեպ մարդկային վերաբերմունքն է, նրանց ժամանակին ազատ արձակելն ու վերադարձնելը։ Սա տեւական խաղաղության հույսի հիմնաքարն է եղել, մարդկային քայլ ընդդեմ հակամարտության վերաբերյալ հարցերը լուծելու համար պատանդների կյանքը օգտագործելուն։
2020-ի աշնանը Ադրբեջանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ 44-օրյա պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության (հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղ) եւ նրա բնակչության դեմ։ Պատերազմից հետո հայկական կողմը կատարեց իր պարտավորությունները եւ արագ ազատ արձակեց Ադրբեջանի գերիներին։ Այնուամենայնիվ, հրադադարի հաստատումից գրեթե 5 ամիս անց Ադրբեջանն անօրինական կերպով դեռ պահում է մոտավորապես 200 հայ ռազմագերու եւ քաղաքացիական անձի եւ հրաժարվում է նրանց ազատ արձակելուց։ Սա խախտում է ոչ միայն նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը, այլեւ միջազգային օրենքը, այդ թվում՝ մարդու իրավունքների, եւ անբարոյականություն է։
Բայդեն-Հարիսի վարչակազմը պարտավորություն է ստանձնել վերականգնելու ԱՄՆ-ի ղեկավար դերը միջազգային օրենքը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունները պաշտպանելու գործում, եւ մենք կարող ենք պնդել, որ սա դա ապացուցելու բացառիկ հնարավորություն է։
Մինչ օրս միջազգային հանրության անդամները՝ ներառյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ու Կոնգրեսի, շատ են խոսել սրա մասին, բայց Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին ու բացեիբաց շահարկել նրանց առնչվող հարցերը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից շրջանառվող այլընտրանքային իրականությունը փուլ կգա, հենց որ ճշգրիտ իրականությունն ուսումնասիրվի։
Հիշեք, թե Ադրբեջանն ինչ էր ասում պատերազմի ընթացքում։ Կտրականապես ժխտում էր այն լուրերը, թե Թուրքիան Ադրբեջանի համար Սիրիայից հազարավոր օտարերկրացի ահաբեկիչների է հավաքագրում ու տեղակայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Նրանց ստերը բացահայտեցին բազում աղբյուրներ՝ ներառյալ խոշոր լրատվամիջոցներ, տարբեր երկրների կառավարություններ եւ հենց գերեվարված օտարերկրյա ահաբեկիչներ։
Ավելին, երբ Հայաստանը եւ Արցախը հայտարարեցին, որ Ադրբեջանն օգտագործում է ամերիկյան F-16 ինքնաթիռներ՝ խախտելով դրանք Թուրքիային վաճառելու պայմանները, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան հերքեցին այդ հայտարարությունները։ Դրանից հետո արբանյակային պատկերները ցույց տվեցին ադրբեջանական ավիաբազաներում տեղակայված ամերիկյան արտադրության F-16-երը։
Հիմա հարցը վերաբերում է 200 ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Ամիսներ շարունակ Ադրբեջանը դա հերքել է եւ փորձել օգտագործել միջազգային իրավունքի թերի կողմերը՝ պնդելու, որ ով դեռեւս կալանավորված է, «ահաբեկիչ» է։ Այնուհետեւ Human Rights Watch-ը հանդես եկավ դատապարտող զեկույցով, որը ցույց էր տալիս Ադրբեջանի ստերի եւ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի աստիճանը։ Քիչ թվով վերադարձված ռազմագերիները հարցազրույցների ժամանակ պատմել են, որ պարբերաբար ծեծի, էլեկտրական շոկի, հոգեբանական բռնության ու նվաստացման են ենթարկվել։ Արձանագրվել են նաեւ անհիմն սպանություններ, գլխատումներ, խոշտանգումներ, նվաստացման դեպքեր ու պատերազմական այլ հանցանքներ, որոնք պարբերաբար իրականացվել են Ադրբեջանի ռազմական անձնակազմի կողմից։
Հայ ռազմագերիների մասին Ադրբեջանի հայտարարությունները եւ հատկապես դրանց դիտավորյալ խեղաթյուրումը ստիպում են մեզ եզրակացնել, որ գործ ունենք պատանդ վերցնելու եղելության հետ։ Մի կողմ դնելով հայ ռազմագերիների եւ նրանց ընտանիքների տառապանքը՝ այս մարտավարությունը խարխլում է միջազգային օրենքը, որը կոչված է պաշտպանելու ռազմագերիներին ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ 64 հայ զինվոր, որոնց հիմա Ադրբեջանը «ահաբեկիչներ» է կոչում, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումներից քաղաքացիական անձանց պաշտպանելու ժամանակ։ Վտանգավոր նախադեպ է ստեղծվում, որը սպառնում է բոլոր ռազմագերիներին թե՛ այժմ, թե՛ ապագայում։ Միջազգային օրենքը ամուր պաշտպանություն է նախատեսում ռազմագերիների համար: Պատերազմական օրենքի հիմքում ոչ միայն մարդկային արժեքներն են, այլեւ հակամարտության ընթացքում զինակիցներին պաշտպանելու ցանկությունը։
Հայաստանը երախտապարտ է Կոնգրեսի այն ընկերներին, որոնք ընդունում են, որ սա անհեթեթություն է: Այս ամսվա սկզբին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտեց Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների անօրինական կալանքը, եւ Պալատի հարյուրից ավելի անդամներ նամակով Բայդեն-Հարիսի վարչակազմին հորդորեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Բացի այդ՝ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական բանաձեւը, որը կազմվել էր մարտի 16-ին, Ադրբեջանին կոչ էր անում ազատելու բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին: Եթե այս բանաձեւն ընդունվի, Միացյալ Նահանգները կկարողանա օգնել՝ վերջ տալու այս անարդարությանը: Ինչպես վերջերս նշեց Կոնգրեսի՝ հայկական հարցերով երկկուսակցական հանձնախումբը, որքան հարցը ձգձգվում է, այնքան Ադրբեջանը ցույց է տալիս իր արհամարհանքը մարդու իրավունքների եւ միջազգային օրենքի նկատմամբ: Բացի այդ՝ որքան երկար թույլատրվի շարունակել այս անարդարությունը, այնքան ավելի կվտանգվեն աշխարհի բոլոր ռազմագերիները:
Օրերս, խոսելով աշխարհում Ամերիկայի դերի մասին, նախագահ Բայդենը նշեց նաեւ այն դիվանագիտության մասին, որն արմատավորված է Ամերիկայի առավել նվիրական ժողովրդավարական արժեքներում, ինչպիսիք են համընդհանուր իրավունքների պահպանումը, օրենքի գերակայությունը հարգելը եւ յուրաքանչյուր մարդու արժանապատվորեն վերաբերվելը:
Թեև հուսադրող է, որ Պետդեպարտամենտը ընդունեց եւ արտահայտեց Human Rights Watch-ի հայտարարություների կապակցությամբ իր խոր մտահոգությունը, Ադրբեջանը շարունակում է համառել: Մենք մեր երկարամյա պատմության ընթացքում շատ բան ենք տեսել։ Այս վերջին պատերազմի ծանր հետեւանքներն էլ կհաղթահարենք: Այդ գործընթացն արագացնելու եւ տեւական խաղաղության հիմք ստեղծելու համար մեր ամերիկացի ընկերներին խնդրում ենք շարունակել արագ գործել հայ ռազմագերիներին ազատ արձակելու եւ ամբողջ աշխարհի ռազմագերիների համար վտանգավոր նախադեպից խուսափելու համար:
Վարուժան Ներսեսյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Հոդվածը հրապարակվել է defenseone.com կայքում 2021-ի ապրիլի 8-ին
Թարգմանեց Անուշ Իգնատյանը