91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ճարտարագետ, ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:
Ծնվել է 1930 թվականին Իրաքում։ 1951-ին գաղթել է ԱՄՆ։ 1958-ից զբաղվել է շինարարական գործունեությամբ։ «Հովնանյան Ինդըսթրիզ» ընկերության նախագահն էր:
Հովնանյանը Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից էր, 1972-ից՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ, 1976-ից՝ նախագահը: ԱՀՀ-ն ծանրակշիռ դերակատարություն ունի Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում:
1996 թվականին Վաշինգտոնում հիմնել է «ANI» («Armenian National Institute») հաստատությունը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։
1988-ի դեկտեմբերին՝ Հայաստանի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, Հրայր Հովնանյանը ԱՄՆ առաջին քաղաքացիներից էր, որ անձամբ եկավ աղետի գոտի եւ Հայկական համագումարի անունից Գյումրիում կառուցեց չորս գործարան, որոնք երկրաշարժից տուժածների համար արտադրում էին բնակարանների կառուցման համար անհրաժեշտ բաղադրիչներ:
Հրայր Հովնանյանը 1986-ին հիմնել է «Հրայր եւ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամը՝ պատմության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը՝ նվիրված հիմնականում հայությանը: Կազմակերպությունը բարեգործական նպատակներով բաշխում է տարեկան ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում:
Հիմնադրամի երեւանյան մասնաճյուղը բացվել է 2006-ին: Այլ գործառույթներից բացի՝ հիմնադրամը նաեւ կրթաթոշակներ է տրամադրում հայ երիտասարդներին` հնարավորություն տալով սովորելու արտերկրի համալսարաններում, կրթաթոշակներ է հատկացնում նաեւ հայաստանյան բուհերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որոնք ի վիճակի չեն վճարելու իրենց ուսման վարձը: