Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարել է, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը չի տարածվում Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների վրա, քանի որ նրանք ձերբակալվել են համաձայնության ստորագրումից շաբաթներ անց։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել սադրանքների եւ Ադրբեջանի զինուժի վերահսկվող տարածքներում հայ զինծառայողների տեղակայելուց հետո, որի հետեւանքով զոհվել է 4 ադրբեջանցի զինծառայող, մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել է։
Բայրամովի պնդմամբ, եռակողմ հայտարարության համաձայն, հայ զինծառայողները պարտավոր էին առանց որեւէ պայմանի դուրս գալ Ադրբեջանի տարածքից։
«Մինչդեռ մենք, ինչպես եւ նախկինում, տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է իր զորքերը տեղակայել ադրբեջանական հողերում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը` հավելելով, թե Բաքուն դրա մասին տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին, եւ ընդգծել, որ անհրաժեշտ է այս հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել։
«Մենք տեսնում ենք, որ այսօր էլ Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է սադրիչ, ապակառուցողական եւ ռեւանշիստական հայտարարություններ անել, դա նշանակում է, որ այդ երկիրը մինչ օրս չի գիտակցել նոր իրողությունները»,- շեշտել է Բայրամովը։
Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում համագործակցության նոր ձեւաչափի հաստատմանը: «Սակայն եթե Ադրբեջանի տարածքում հետագայում տեղի ունենան ինչ-ինչ սադրանքներ, դրանք համարժեք պատասխան կստանան»,- սպառնացել է նա։
Երեւանը պնդում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը, որտեղ նշված է, թե ռուս խաղաղապահները տեղակայվում են հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, վերաբերում է միայն Ղարաբաղի հարակից շրջաններին՝ հղում անելով եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի, ըստ որի՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Մինչդեռ պաշտոնական Բաքուն համարում է, որ Հայաստանի զինծառայողները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքից՝ ընդգծելով, թե խաղաղապահները հենց այդտեղ են տեղակայվել։
Բաքուն հրապարակավ ներկայացնում է նաեւ մեկ այլ պահանջ՝ ականների վերաբերյալ։ «Հայաստանը հրաժարվում է մեզ ականապատման քարտեզները տրամադրելուց, ինչը վկայում է, որ հայկական կողմը մտադիր է առաջիկայում էլ շարունակել ռազմական հանցագործությունները»,- պնդել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։