Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ եւ, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին շփումների արդյունքները։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը հակամարտության գոտում իրավիճակի կայունացման եւ նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրագործման ուղղությամբ։
Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Էրդողանն ու Պուտինը անդրադարձել են նաեւ Սիրիայի, Լիբիայի հակամարտություններին, ինչպես նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։
Պուտինը պնդել է, թե Կիեւը «վտանգավոր սադրանքների է դիմում»։
Նշենք, որ վաղը Ուկրաինայի նախագահը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։ Նախատեսված է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ապրիլի 10-ին Ստամբուլում նաեւ տեղի կունենա թուրք-ուկրաինական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որը վարելու են երկու երկրների նախագահները: