Հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները շարունակում են գործել աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության ապահովման կանոնների խախտումներով։ Ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված մի շարք հանքարդյունահանող ընկերությունների ստանձնած պարտավորությունները համարժեք չեն հասցված վնասին։
Ուսումնասիրելով մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերը՝ պարզել ենք, որ դրանց մեծ մասում ներառված չեն ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում պարտադիր ու կամավոր ծրագրերի մասին պարտավորություններ: Եթե անգամ կան այդպիսիք, ապա վերաբերում են հանքի փակման ծրագրին, այդ թվում՝ հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական խնդիրների մեղմացմանը եւ փակվող հանքի անմիջական ազդեցության գոտու համայնքներում առաջացող սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացմանը:
Հայաստանի բնական պաշարները հանրության սեփականությունն են։ Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես է տնտեսության այդ ճյուղը ծառայում երկրի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, ինչպես են օգտագործվում երկրի չվերականգնվող ռեսուրսները: Մինչդեռ Հայաստանում մետաղների արդյունահանումը հաճախ ոչ միայն անմիջական ազդեցություն չի ունենում մարդկանց կյանքի որակի բարելավման վրա, այլեւ թողնում է երկարատեւ, բացասական անվերադարձ հետեւանքներ:
Ընդերք շահագործող ընկերությունները նախկինում «բարի կամքի» դրսեւորմամբ ազդակիր համայնքի այս կամ այն խնդրի լուծման նպատակով հատկացումներն իրենց ձեռքին դարձրել էին գործիք՝ ձեռնտու համաձայնություններ կորզելու համար:
Ներկայում՝ 2012 թվականին Ընդերքի մասին օրենսգրքի ընդունումից հետո, այս ճյուղի ընկերությունների պայմանագրերում ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պարտավորությունների ամրագրումը պարտադիր պայման է։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկության ստացման հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե արդյոք օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքշահագործման պայմանագրում սոցիալական ծրագրերի պարտավորությունների բացակայությունը նշանակում է, որ ընկերությունը ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ծրագրեր իրականացնելու որեւէ պարտավորություն չունի։
Ինչպես տեղեկացանք նախարարությունից, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 26 կազմակերպություններից միայն 14-ի ընդերքօգտագործման պայմանագրերում են սահմանված նման պարտավորություններ։ Բանն այն է, որ վերջիններիս պայմանագրերը կնքվել են 2012 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո․ մյուսներում, որոնք կնքվել են ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաների վերաձեւակերպման արդյունքում, նման պարտավորություններ ամրագրող Հավելված 3-ը բացակայում է, քանի որ նախորդ օրենսգիրքը նման դրույթ չէր նախատեսում։
Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի Հավելված 3-ի բովանդակության նմուշ՝ լիազոր մարմնի եւ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի օրինակով։
Առավել մանրամասն ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի, Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի պայմանագրերը, որոնք կնքվել են ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաների վերաձեւակերպման արդյունքում, սակայն որոնց ոչինչ չէր խանգարում նման պարտավորություններ ստանձնելու կամավոր հիմունքներով։
Այս ընկերությունները (կամ դրանց իրավանախորդները) վերջին 5 տարիներին վճարած հարկերի ծավալով ընդգրկվել են առաջին 1000 հարկատուների ցանկում։
Արտահանման ծավալներով եւս առաջատարներից են։
Հասանելի տեղեկությամբ 2016-2018 թվականներին Շահումյանի հանքավայրից արտահանված հանքանյութի (պղնձի ու ցինկի հանքաքարեր եւ խտահանքեր, ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութ) ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 80 մլրդ դրամ, Թեղուտի հանքավայրից արտահանվածինը (պղնձի հանքաքարեր եւ խտահանքեր եւ մոլիբդենի խտանյութ)՝ ավելի քան 95 մլրդ դրամ, իսկ Մեղրաձորի ոսկու հանքից արտահանվել է ավելի քան 2 մլրդ դրամի ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութ (ընկերությունների ներկայացրած հաշվետվությունների համաձայն)։ Նշենք, որ 2018 թվականի՝ ընկերությունների եւ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալները չեն համընկնում։ ԱՃԹՆ չափորոշչի պահանջներով ընկերությունների եւ ՊԵԿ-ի տվյալները չեն համադրվում, ուստի ԱՃԹՆ զեկույցում այս տվյալների տարբերության պատճառը չի պարզաբանվում։
Առաջատար ընկերությունները քմահաճ են համայնքների զարգացմանը մասնակցության հարցում
Ուսումնասիրության համար ընտրել ենք Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում գործող հանքերը, որոնք շահագործող ընկերությունները ընդերքօգտագործման իրավունք են ստացել մինչև Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունը եւ արդյունահանման ծավալներով առաջատարներից են։
Ինչպես տեղեկացանք Կապանի համայնքապետարանից, «Չաարատ Կապան»-ը ստանձնել է ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցելու պարտավորություններ՝ չմանրամասնելով՝ բանավոր, թե գրավոր։ Ընկերության աջակցությամբ իրականացված ծրագրերի թվում են, օրինակ, նախադպրոցական ուսումնական և մարզական հաստատությունների վերանորոգման ու կահավորման աշխատանքները, աղբատար մեքենայի ու աղբամանների ձեռքբերումը, ճանապարհների նորոգումը եւ այլն։
2018 թվականի դեկտեմբերին «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ Շնողի համայնքապետարանի միջեւ կնքվել է համաձայնագիր, որով ընկերությունը պարտավորվել է համայնքային խնդիրների լուծմանն ամեն տարի մասնակցություն ունենալ 140 մլն դրամի չափով։
Ինչ վերաբերում է «Մեղրաձոր Գոլդ»-ին, ապա բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների մասին Մեղրաձորի համայնքապետարանից հստակ տեղեկություն չհաջողվեց ստանալ․ խորհուրդ տվեցին հետեւել համայնքի պաշտոնական կայքին։ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանի հավաստմամբ համայնքի հետ կա բանավոր պայմանավորվածություն, օրինակ՝ հանքարդյունահանման համար իրենց անհրաժեշտ 40 հա համայնքապատկան հողատարածքի փոխարեն վարձակալել են 10 անգամ ավելի մեծ տարածք՝ վճարելով 24,9 մլն դրամ 2,8 մլն-ի փոխարեն՝ լոկ համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման միտումով։ Համայնքի պաշտոնական կայքից եւ ընկերության հաշվետվություններից տեղեկացանք նաեւ այլ ծրագրերի մասին. օրինակ՝ 2017 թվականին Մեղրաձորի մանկապարտեզին հանքարդյունահանող ընկերությունը տրամադրել է 4 մլն 950 հազար դրամի օգնություն։
Արդյունահանող ընկերությունները պատասխանատու են աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման համար
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման ոլորտում 2020 թվականի մայիսի 28-ից մինչեւ 2021 թվականի հունվար ստուգումներ է իրականացրել տնտեսվարող 26 սուբյեկտներում, այդ թվում` «Մեղրաձոր Գոլդ» եւ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ում՝ արձանագրելով աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման սահմանված պահանջների խախտումներ։
Տեսչական մարմնից մեր հարցմանն ի պատասխան՝ նաեւ տեղեկացանք, որ նշված տնտեսվարող սուբյեկտներում ընդունվել են աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանման վերաբերյալ ներքին իրավական ակտեր, եւ առկա են սանիտարակենցաղային շենքեր՝ կանանց եւ տղամարդկանց բաժանմունքներով, արտահագուստի հանդերձարանով, արտահագուստի չորացման եւ փոշեզատման սենյակով, սանհանգույցներով, ցնցուղարանով, շնչադիմականոցով, կանացի անձնական հիգիենայի սենյակով, առաջին բուժօգնության կետով։
Կառավարության որոշմամբ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքը համարվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր կամ առանձնապես վնասակար: Նման պայմաններում աշխատող անձանց անվտանգության ապահովման ու առողջության պահպանման եւ սոցիալական պատասխանատվության իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ, այլեւ ՀՀ-ի վավերացրած մի շարք կոնվենցիաներով ու միջազգային ակտերով (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա, «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հ․17 կոնվենցիա, «Հանքահորերում անվտանգության եւ առողջության մասին» կոնվենցիա եւ այլն)։
Հանքարդյունահանող ընկերությունները պարտավոր են ապահովել շրջակա միջավայրի եւ բնակչության առողջությունը
Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, ընկերությունները պետք է ունենան մշտադիտարկումների իրականացման ծրագիր։ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ, ըստ Ընդերքի մասին օրենսգրքի, մշտադիտարկումներն իրականացվում են հանքի փակումից հետո՝ համաձայն Մշտադիտարկումների ծրագրի, որը ներառվում է հանքի փակման ծրագրում եւ ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության, մինչդեռ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետները դեռեւս չեն ավարտվել։
Այս աշխատանքների համար շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունն արդեն կուտակել է 3,8 մլն դրամ, իսկ «Չաարատ Կապան»-ը՝ 19,4 մլն դրամ։
Ինչ վերաբերում է շահագործման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող եւ բնակչության առողջության համար վտանգավոր հնարավոր գործողությունների ինքնահսկմանը, ապա 2017 թվականի նոյեմբերի 17-ին Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու արդյունքում ընկերությունները պարտավորվել են ներկայացնել հաշվետվություն կատարած մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ։
Դրանք տեղադրված են շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, սակայն չկա որեւէ վերլուծություն, թե ներկայացված թվերը որքանով են նորմայի սահմաններում կամ ինչ ազդեցություն ունեն եւ կամ կարող են ունենալ շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա:
Շրջակա միջավայրի նախարարությունը պարտավոր է հետեւել միջավայրի վիճակի փոփոխություններին
ՇՄ նախարարությունը Շահումյանի հանքավայրի հարակից տարածքներում իրականացնում է մակերեւութային ջրերի եւ մթնոլորտային օդի որակի մշտադիտարկում, Թեղուտի հանքավայրի մերձակայքում՝ միայն մակերեւութային ջրերի որակի մշտադիտարկում, իսկ Մեղրաձորի ոսկու հանքի հարակից տարածքներում շրջակա միջավայրի տարրերի մշտադիտարկում ընդհանրապես չի իրականացվում։
Ըստ ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն››-ի տվյալների՝ փոշով աղտոտվածությունը կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարական եւ այլ գործողությունների հետեւանքով:
Կապան քաղաքի մթնոլորտային օդում 2020 թվականին որոշված ցուցանիշների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները:
Ինչ վերաբերում է մակերեւութային ջրերի որակին, ապա ինչպես Շնող գետում, այնպես էլ Ողջի եւ Մարմարիկ գետերում հանքարդյունաբերական տարածքից ներքև ընկած հատվածներում արձանագրվել են մի շարք աղտոտիչների ՍԹԿ գերազանցումներ:
Մարմարիկ գետի ջրի որակը Հանքավան գյուղից վերեւ նախորդ տարվա ընթացքում հիմնականում գնահատվել է «լավ» (2-րդ դաս), իսկ գետաբերանի հատվածում (Մեղրաձորի ոսկու հանքավայրից ներքեւ)՝ «անբավարար» (4-րդ դաս):
Հարկ է նշել, որ եթե հանքավայրի տարածքում, 2019 թվականին «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած տվյալների համաձայն, ինչպես Գոմուր գետում (Մարմարիկի ձախ վտակ), այնպես էլ Մարմարիկ գետում ուսումնասիրված էլեմենտների ՍԹԿ գերազանցումներ չեն հայտնաբերվել, ապա Մարմարիկ գետի ջրի որակը գետաբերանում ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն›-ը գնահատել է հիմնականում «վատ»՝ 5-րդ դասի աղտոտված։
Ողջի գետի ջրի որակը Կապան քաղաքից վերեւ հուլիսին եւ սեպտեմբերին գնահատվել է «միջակ» (3-րդ դաս), օգոստոսին՝ «անբավարար» (4-րդ դաս): Կապան քաղաքի օդանավակայանից ներքեւ գետի ջրի որակը 2020 թվականի երրորդ եռամսյակում գնահատվել է «վատ» (5-րդ դաս): Տեղեկացնենք, որ Ողջի գետի աղտոտումը մի քանի անգամ պաշտոնապես վերագրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, վերջինս նաև Տեսչական մարմնի կողմից ենթարկվել է տույժի։
Շնող գետի ջրի որակը Թեղուտ գյուղից վերեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին գնահատվել է «միջակ» (3-րդ դաս), սեպտեմբերին՝ «վատ» (5-րդ դաս): Գետաբերանի հատվածում երեք ամիսների ընթացքում ջրի որակը գնահատվել է «վատ» (5-րդ դաս):
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից խնդրել էինք տեղեկություն տրամադրել մեր կողմից ուսումնասիրվող հանքավայրերը շահագործող ընկերություններում վերջին 5 տարիներին իրականացված տեսչական ստուգումների ու շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ։
Տեսչական մարմինը 2017 թվականից ի վեր ստուգումներ է իրականացրել ընդերքշահագործող մի շարք ընկերություններում, որոնց թվում Թեղուտը եւ Մեղրաձորը չկան, իսկ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ում այս ընթացքում ստուգումներ իրականացվել են երկու անգամ։ Շրջակա միջավայրին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է շուրջ 17,5 մլն ՀՀ դրամ։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։