Երեկ ուշ երեկոյան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Արցախյան վերջին պատերազմում գերեվարված եւ անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին եւ հարազատներին։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Արտակ Դավթյանը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով:
ԳՇ պետը որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ է ներկայացրել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանդիպումները պարբերական դարձնելու:
Ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից հետո զինծառայողների հարազատները բացել են պաշտպանության նախարարության շենքի մուտքը՝ աշխատակիցներին թույլ տալով դուրս գալ ՊՆ շենքից։
Նշենք, որ Արցախյան վերջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները շուրջ երկու օր փակ են պահել պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։ Հարազատները պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կամ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ։
Անհայտ կորած զինծառայողների հարազատներին երեկ միացել էին գերեվարված զինծառայողների հարազատները, երբ հայտարարվեց, որ ռազմագերիների խմբի վերադարձը հետաձգվել է, ինքնաթիռը Բաքվից դատարկ է վերադարձել։