Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել է չամրապնդել ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ։
Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն իրավասու է սեփական զորքն անարգել տեղաշարժելու սեփական տարածքում։
«Պուտինն ընդգծել է նաեւ, որ Ուկրաինան վերածվել է բավական անկայուն, պայթյունավտանգ տարածաշրջանի, եւ նման հարեւան ունենալու դեպքում յուրաքանչյուր երկիր ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։
Արեւմուտքն ու Կիեւը մտավախություն ունեն, որ ռուսները կարող են ներխուժել Ուկրաինա՝ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններին աջակցելու համար։
2014-ից ի վեր Ուկրաինայի արեւելյան այս շրջաններում ռուսների աջակցությունը վայելող անջատականների ու կառավարական ուժերի միջեւ տեւական մարտերում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։