Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային գործարքին, ինչը, սակայն, չի նշանակում բոլոր սահմանափակումներից հրաժարում:
Միեւնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը «Գերմանիայի խմբագրական ցանց»-ին (Redaktionsnetzwerk Deutschland) տված հարցազրույցում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայի բանակցությունները կառուցողական է որակել:
«Բոլոր կողմերը լուրջ աշխատելու պատրաստակամություն դրսեւորեցին միեւնույն նպատակին՝ Իրանի միջուկային համաձայնագրի ամբողջական իրագործմանը հասնելու համար: Վերջնական արդյունքի հասնելը հեշտ չի լինելու. մենք սոսկ ինտենսիվ բանակցությունների սկզբնական փուլում ենք»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:
Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ: