ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը, որը կարգավորում է ԵՄ երկրներում պատվաստման քաղաքականությունը, հայտարարել է, որ անգամ համաեվրոպական կարգավորիչի հավանությանն արժանանալուց հետո ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը Եվրամիություն կհասնի բավական ուշացումով:
Եվրահանձնակատարն անգամ վստահ է, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը ուսումնասիրելուց հետո բարձր գնահատական կտա «Սպուտնիկ V»-ին: Սակայն, ըստ նրա, հավանություն ստանալն անգամ, ավաղ, չի նշանակի, որ պատվաստանյութը կարող է թողարկվել բավարար քանակով:
«Սովորաբար ամիսներ են պահանջվում համապատասխան արտադրությունը կազմակերպելու եւ ընդլայնելու համար: Մենք նպատակ ունենք ամռանը պատվաստելու բոլոր եվրոպացիներին, եւ «Սպուտնիկ V»-ը պարզապես չափազանց ուշ տեղ կհասնի»,- Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Բրետոնը:
Ընդ որում, Բրետոնը կարծում է, որ Եվրամիության պատվաստանյութերը բավարար են ամռանը կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար:
Բրետոնն ասել էր, որ Եվրոպան հազիվ թե զգա «Սպուտնիկ V»-ի կարիքը, քանի որ ԵՄ-ում արդեն իսկ հավանություն տրված պատվաստանյութերը բավարար կլինեն կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար:
Այդ առումով նա ռուսական պատվաստանյութը լավն է որակել, սակայն նշել է, որ ռուսները պիտի կարգավորեն ԵՄ-ում դրա արտադրությունը, եւ որ նրանց աջակցելու անհրաժեշտություն է լինելու:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ոչ մեկի վզին չի ուզում փաթաթել իր պատվաստանյութը, սակայն երբ ոմանք հայտարարում են, թե «Սպուտնիկ V»-ի կարիքը չկա, ո՞ւմ շահերից է դա բխում՝ քաղաքացիների՞, թե՞ դեղագործական ընկերությունների:
Ընդսմին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում հայտարարել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ Ավստրիայի բանակցությունների ավարտի մասին: Ավստրիան այժմ կարող է գնել ռուսական այդ պատվաստանյութը:
«Սպուտնիկ V»-ի 1 միլիոն չափաբաժինը կդառնա Ավստրիայում պատվաստման արշավի լրացուցիչ արագացուցիչը:
Ըստ ռուսական Gazeta.ru-ի՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ նախարարության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների խումբը սկսել է կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութի մշակումը, որի արդյունքները հասանելի կլինեն մոտ ժամանակում: