Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարտոլոն հայտարարել է, որ երկրում սահմանափակումները հունիսի 1-ին կչեղարկվեն։ Անմիջապես էլ տեղական հյուրանոցների համարներ ամրագրած զբոսաշրջիկները դրամական պարգեւ կստանան։
Մալթան, որի բյուջեի 27 տոկոսն ապահովում է զբոսաշրջությունը, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով տուժած զբոսաշրջային ոլորտը վերականգնելու նպատակով պատրաստ է յուրաքանչյուր զբոսաշրջիկի վճարելու մինչեւ 200 եվրո ՝ կղզում առնվազն 3 օր անցկացնելու դեպքում։
Մասնավորապես, 3-աստղանի հյուրանոցում առնվազն 3 օր ամրագրած ամեն մի զբոսաշրջիկ տուրիզմի նախարարությունից կստանա 100 եվրո, 4-աստղանի հյուրանոցի համար՝ 150 եվրո, իսկ 5-աստղանի հյուրանոցի համար՝ 200 եվրո։
Ծրագիրը 200 եվրոյով «կհարստացնի» Մալթա ժամանած շուրջ 35 հազար զբոսաշրջիկի:
Նախքան համավարակը 2019-ին Միջերկրածովյան այս կղզի էր այցելել շուրջ 2,8 միլիոն զբոսաշրջիկ։ Մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշով զբոսաշրջությունն այստեղ 79 տոկոսով անկում է գրանցել։
Երկրի կառավարությունը Եվրամիությանը կոչ է արել ուղեւորությունների դյուրացման համար պատվաստումների անձնագրեր ներմուծել: Մալթան ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշն ունի. մեծահասակների 42%-ն առնվազն մեկ չափաբաժին պատվաստում է ստացել։