ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները:
Ըստ Վույնովիչի՝ վերջերս հայտնաբերված SARS-CoV-2 շտամները կարող են ավելի ակտիվ փոխանցվել, քան նախկինում հայտնի շտամները։
Աշխարհի երկրներում դեռեւս պահպանվում է վիրուսի կրկնակի ներթափանցման եւ վարակվածների թվի աճի ռիսկը, ուստի անհրաժեշտ է իրավիճակը վերահսկել հանրային առողջապահության խիստ միջոցների օգնությամբ:
ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ վարակի ներթափանցման եւ արտահանման ռիսկերը պահպանվում են միջազգային ուղեւորությունների ժամանակ:
Նոր շտամների մասին տվյալները մշտապես թարմացվում են, ինչի պատճառով պետք է ժամանակին վերանայել Քովիդ-19-ի սահմանափակող միջոցները: Ընդ որում, կրկնակի պատվաստումների մասին որեւէ առաջարկություն տալ չի կարելի, քանի որ կորոնավիրուսը դեռեւս բավականաչափ լավ ուսումնասիրված չէ:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի կեսին հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացիան, որն առանձնանում է ավելի մեծ վարակելիությամբ: Այդ ժամանակից ի վեր այն հայտնաբերել են արդեն 130 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։
Աշխարհում տարածվում են նաեւ վիրուսի այլ տարբերակներ. մարտի կեսին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Ռուսաստան է ներթափանցել հարավաֆրիկյան շտամ:
Յոհանեսբուրգի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տեղեկության համաձայն՝ մուտացիաները շտամը կայուն են դարձնում արյան պլազմայի հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները կորոնավիրուսային վարակ տարած հիվանդներ են եղել:
Նշենք, որ ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում 500-ից ավելի մարդու մոտ կորոնավիրուսի կրկնավարակ է հաստատվել:
ՀՎԿԱԿ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ 171-ի դեպքում վերջին դրական արդյունքը արձանագրվել է առաջին հայտնաբերումից առնվազն 6 ամիս անց, 22-ի դեպքում՝ 9 ամիս անց: Անգամ պատահել է, որ 2-րդ ՊՇՌ լաբորատոր հետազոտության դրական արդյունքն արձանագրվել է գրեթե 339 օր անց: