ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ամփոփելով փորձագիտական եզրակացություններն ու եզրահանգելով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Արմեն Սարգսյանն օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եւ ԲԴԽ նախագահների, իրավաբան գիտնականների, փորձագետների եւ փաստաբանների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ստացել պարզաբանումներ, լսել նրանց նկատառումներն ու մտահոգությունները:
ՀՀ նախագահի կարծիքով՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը պետք է հիմնված լինի արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների եւ միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա:
Դրանք, ըստ Արմեն Սարգսյանի, պետք է առաջարկեն համակարգային եւ տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ի նպաստ դատական համակարգի դերի եւ գործունեության արդյունավետության բարձրացման, դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդման:
«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են եւ առերեւույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին եւ պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: