Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս տարին չափազանց կարեւոր է համարել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ավարտի առումով:
Ըստ Կոպիրկինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ քննարկումներ են ընթանում:
Դեսպանը նշել է, որ զուգահեռաբար քննարկումներ են ընթանում այդ ոլորտում հետագա փոխգործակցության շուրջ:
Ավելի վաղ մոսկովյան այցի ընթացքում Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր դիտարկել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը:
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մինչեւ 2040-ը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է, ինչը, կառավարության երկարաժամկետ նպատակներին համապատասխան, թույլ կտա հասնել CO2-ի արտանետումների ամենացածր մակարդակին:
Հարավային Կովկասի տարածքում միակ ատոմակայանը՝ ՀԱԷԿ-ը, արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը:
Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի առանցքային գործակցությունը հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման նախագիծն է:
Իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը նշել է, որ Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ:
Ըստ Մանվելյանի՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին`ընտրություններին ընդառաջ։