ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Ուկրաինայի դեմ եւ անընդունելի է համարում պատերազմի որեւէ հնարավորություն:
«Դոնբասում եւ դրա շուրջը ստեղծվել է չափազանց վտանգավոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»,- շեշտել է Պեսկովը՝ չբացառելով, որ Ուկրաինան կարող է ուժ գործադրել ներքին խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորք կուտակելու վերաբերյալ Արեւմուտքի մտահոգություններին` Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ բանակի տեղաշարժն ուղղված չէ որեւէ երկրի դեմ, այն իրականացվում է բուն Ռուսաստանի տարածքում եւ կողմնակի մեկնաբանության կարիք չունի:
Պեսկովն ընդգծել է, որ թեեւ ոչ ոք Ռուսաստանում պատերազմ չի ցանկանում, սակայն Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Ուկրաինայի արեւելքում ապրող ռուսների, ավելի ճիշտ՝ ռուսալեզու բնակիչների ճակատագրի հանդեպ: