Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի ռազմական հարցերով խորհրդական Հոսեյն Դեղանը ելույթ է ունեցել Իրանի պետական հեռուստակայանի եթերում:
Խամենեիի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը չի ցանկանում հակամարտության մեջ ներքաշվել, սակայն մշտապես զգոն է եւ վճռականորեն կպատասխանի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողություններին:
Իրանցի քաղաքական վերլուծաբան Ֆոադ Իզադին նշել է, որ Իրանն ունի պաշտպանվելու միջոց, եւ Իսրայելը դա գիտի:
«Նեթանյահուն մշտապես սպառնում է Իրանին, բայց այդպես էլ մատը մատին չի խփում, քանի որ Լիբանանի հարավում իրանական բավական ճշգրիտ, հզոր միջմայրցամաքային հրթիռներ են տեղակայված»,- ընդգծել է վերլուծաբանը:
Մինչդեռ Իսրայելի հիմնադրման 73-ամյակի առթիվ բարձրաստիճան զինվորականների եւ հետախուզության ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսսադը», կիբերհարձակում է գործել Նաթանզի միջուկային կենտրոնի վրա:
«Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու պայքարը շատ լուրջ է եւ ծավալուն խնդիր է, մենք ոչնչից, բացարձակ անօգնական վիճակից գերտերություն ենք դարձել, այդպիսի բան ազգերի պատմության ընթացքում չի եղել, առնվազն տարածաշրջանային տերություն ենք, իսկ որոշ բնագավառներում՝ նաեւ համաշխարհային»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Բենիամին Նեթանյահուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Իրանը Միջին Արեւելքի գլխավոր սպառնալիքն է:
Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանը դեռեւս չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու իր գաղափարից եւ շարունակում է Իսրայելը ոչնչացնելու կոչեր հնչեցնել:
Նեթանյահուն հավաստիացրել է, որ Իսրայելը պաշտպանվում է եւ Թեհրանին թույլ չի տա հաջողության հասնել միջուկային զենքի ստեղծման գործում:
Ըստ ԻՐԻԲ հեռահաղորդակցական ընկերության վերջին տվյալի՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտում վթարը ուրանի հարստացման գործընթացի համար լուրջ խոչընդոտ չի դարձել:
Ավելին՝ Սալեհին հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները վնասված ցենտրիֆուգները մի քանի օրվա ընթացքում կփոխեն նոր, ավելի հզոր ցենտրիֆուգներով, ինչը հնարավորություն կտա արտադրական հզորությունները 50%-ով մեծացնելու: