Այսօր մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը, որը Հայաստանում նշվում է արդեն 20 տարի՝ ամեն ապրիլին: Այս տարվա Ազգային գրադարանային շաբաթը, որ հոբելյանական է, մեր օրերին համահունչ կարգախոս ունի՝ «Գիրքը՝ բալասան»: Գրադարանային գործի բազմաթիվ մասնագետներ հավատացած են, որ գիրքը ամոքիչ է եղել հնուց, բոլոր դժվար ժամանակներում մարդը ապավինել է նաեւ գրքին, հավատացել նրա բովանդակության ուժին, որոշ գրքեր նույնիսկ բարձի տակ են դրվել… Գրադարանները, որտեղ պահվում են գրքերը, նույնպես մեծ դեր են ունեցել, շարժիչ ուժ են եղել հասարակությունների զարգացման, կրթման գործում:
Մինչդեռ այսօր, ինչպես ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, պարզվում է, Հայաստանում կան մարդիկ՝ տեղյակ չեն, որ իրենց համայնքում գրադարան կա, եւ չգիտեն՝ առհասարակ ինչով է զբաղվում գրադարանը: Ազգային գրադարանը, որ Ազգային գրադարանային շաբաթվան միացած Հայաստանի բազմաթիվ գրադարաններից մեկն է, այդ մտահոգությամբ նախաձեռնել է «Յոթ օր, յոթ գրադարան» խորագրով ծրագիրը, եւ գրադարանային շաբաթվա ընթացքում մի շարք այլ միջոցառումներից բացի այցելություններ է կատարելու նաեւ Երեւանի համայնքային յոթ գրադարաններ, փորձելու է բնակիչների ուշադրությունը հրավիրել գրադարանների եւ դրանց մատուցած ծառայությունների վրա:
Ամերիկյան գրադարանային ասոցիացիան, որ անցյալ դարի կեսերից ամեն ապրիլ նշում է գրադարանային շաբաթը եւ աշխարհում «Ազգային գրադարանային շաբաթ» գաղափարի հիմնադիրն ու հեղինակն է, այս տարվա համար ընտրել է «Բարի գալուստ քո գրադարան» կարգախոսը: Ժողովրդավարական արժեքների տարածման, քաղաքացիական հասարակության կայացման գործում արեւմտյան արժեհամակարգում գրադարանները գլխավոր դեր ունեն, սա շատ լավ գիտեն նաեւ հայաստանյան մասնագետները, բայց ցավով են նշում, որ մեր հասարակությունը դեռեւս հեռու է այդ գաղափարից:
Գրադարանագետ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ հանրային գրադարանները բարձր արժեքներով ապրող հասարակության հիմքն են, նրանք մարդու շարունակական կրթության, զարգացման ամենակարեւոր օղակն են: «Կրթությունն այսօր անհնար է դիտարկել գրադարանից դուրս: Գրադարանները նաեւ կարեւոր դեր ունեն համայնքներում, կարող են դառնալ համայնքի բնակիչների հանդիպման, տարբեր հարցերի քննարկման վայրեր, իսկ գրադարաններում պահվող շարունակաբար համալրվող անթիվ նյութերը (թղթային եւ թվային) կարող են օգնել մարդու քաղաքակիրթ առաջընթացին նրա ամբողջ կյանքի ընթացքում»,- ասաց Ներսես Հայրապետյանը:
Ազգային գրադարանային շաբաթվա մեկնարկը ոչ միայն ոլորտի լավագույններին եւ երախտավորներին պարգեւատրելու առիթ էր, այլ նաեւ գրադարանային խնդիրների մասին մեկ անգամ եւս խոսելու հնարավորություն: «Մեր ոլորտի խնդիրները շատ են, բայց երեք գլխավորները հետեւյալն են՝ գրադարանների տեխնիկական հագեցվածությունը, գրադարանավարների պրոֆեսիոնալ կրթությունն այսօրվա պահանջներին համապատասխանեցնելն ու գրադարանաշինությունը: «Ժամանակն է, որ մեր երկրում գրադարանների համար հատուկ շենքեր կառուցվեն: Երբ նայում ենք աշխարհի ժամանակակից գրադարաններին, տեսնում ենք, որ դրանց շենքերի ճարտարապետությունը խիստ տարբերվում է: Իհարկե, մենք այդպիսի գումարներ չենք կարող ներդնել, բայց պետք է մտածել գրադարանային ժամանակակից միջավայրով նոր շենքերի մասին»,- ասում է մեր զրուցակիցը:
Տեղեկացանք նաեւ, որ Հայաստանում խորհրդային տարիներին եղած գրադարանների մեծ մասը փակվել է, 2019 թվականի տվյալներով Հայաստանում 525 գրադարան կա, իսկ խորհրդային տարիներին դրանց թիվը 1600-ից անցնում էր: Գրադարանների զարգացման համար, սակայն, ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի, այսօր ոչ մի խոչընդոտ չկա:
«Գրադարանային համակարգը մշակույթի միակ ոլորտն է, որի մասին օրենք կա, թանգարանները դեռեւս օրենք չունեն, թատրոնը չունի, բայց գրադարանային գործի մասին օրենքը կա եւ արդեն՝ մոտ 20 տարի: Օրենքն իր ձեւի մեջ լրիվ կատարյալ է, մեր գրադարանային ոլորտի միակ կաղացող մասը համայնքային գրադարանների հատվածն է, որը կարգավորվում է ՏԻՄ օրենքով, բայց մեր օրենքի բոլոր կետերը վերաբերում են բոլոր տեսակի գրադարաններին: «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի ընդունումից հետո մոտ տասնմեկ իրավական ակտ է կյանքի կոչվել օրենքը կիրարկելու համար: Մենք այդպիսի կետ չունենք, որ մտածենք, թե խանգարում է գրադարանային գործի զարգացմանը, օրենքը հնարավորություն է տալիս բոլոր աշխատանքները կարգավորելու»,- մեզ հետ զրույցում ասաց Նազիկ Հովասափյանը:
Նշենք, որ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանում անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ: Շաբաթվան միացել են Հայաստանի գրեթե բոլոր մարզային, քաղաքային, հանրային, գիտական եւ այլ գրադարանները, յուրաքանչյուրը յուրովի է նշում տոնական շաբաթը, բայց բոլորի նպատակը մեկն է՝ բնակչությանն իրազեկել բոլոր այն հնարավորությունների մասին, որ ունի գրադարանը:
Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում ներկայացվեց նաեւ Հայաստանի ամենամեծ գրադարանի՝ Ազգային գրադարանի նոր լոգոն, որի հեղինակը նկարիչ, ձեւավորող Մկրտիչ Մաթեւոսյանն է: Այն գրանցվելու է որպես ապրանքանիշ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։