Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանը Թուրքիային եւ մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման աջակցության պայմաններում Կիեւի ռեժիմը կարող է անխոհեմ գործողությունների դիմել, ինչը անդառնալի հետեւանքների կհանգեցնի։
«Սեւ ծով ԱՄՆ-ի նավերի մուտքն ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ: Մոսկվան չի հասկանում, թե հատկապես ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնն Ուկրաինայում»,- ընդգծել է Լավրովը:
Ավելի վաղ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմ են արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես «մոտ ժամանակներս անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալուն»։
Թուրքիայի նախագահը հայտարարել է նաեւ, որ աջակցում է այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմին», Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Էրդողանը նշել է, որ Անկարայի սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի «բռնազավթումը» չճանաչելն է։