Անցած ամառ բանաստեղծ Սլավիկ Հարությունյանը, որ երկար տարիներ փաստագրական կինոյի բնագավառում է աշխատել, իմ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գիրքը կարդալուց հետո առաջարկեց հեռուստաերկխոսություն նկարել:
Արցախի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մերի Դավթյանը սիրահոժար տրամադրեց տեխնիկա, օպերատորներ: Առաջին մասը նկարեցինք գյուղի տանը, դպրոցում, երկրորդը՝ Ստեփանակերտի «Ֆլորենս» ռեստորանի բացօթյա սրահում: Նկարահանումները մոնտաժեց անձամբ Սլավիկը, ներկայացրեց Մերիին՝ հեռարձակման թույլտվություն ստանալու:
Այստեղ մեր խոփը քարին առավ: Պարզվեց՝ ինչ-որ բան այն չէ: Իսկ «այն չէ» մի պատճառով. իմ խոսքում պատմել էի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ Արցախի խորհրդականներիս հանդիպումների մասին եւ ասել, որ ԼՂ կարգավորման հարցում նրանք էլ որոշ տարածքներ վերադարձնելը չէին բացառում:
Ահա, ինչպե՞ս կարելի է Արցախի հեռուստատեսությամբ ասել, որ Հայաստանի՝ ծագումով արցախցի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մտքի ծայրով իսկ կարող է անցնել, որ Աղդամը պետք է վերադարձնել:
Ֆիլմը եթեր չգնաց: Մինչեւ բանակցություններ էի վարում, որ ասածիս մեջ իրականությանը չհամապատասխանող ոչինչ չկա, որ խնդրի փոխզիջումային կարգավորման կողմնակից լինել՝ չի նշանակում դավաճանել ինչ-որ սկզբունքների եւ այլն, Մերիին անսպասելի ազատեցին Արցախ ԹՎ-ի գործադիր տնօրենի պաշտոնից։ Նրա հաջորդն էլ պատճառ բռնեց, որ սուրճ խմելիս ծխում եմ, ծխախոտի գովազդն արգելված է, պետք է ամեն ինչ վերստին մոնտաժվի:
Մի խոսքով՝ բյուրոկրատիա: Իսկ մի քանի օր հետո պայթեց պատերազմը: Հիմա չգիտեմ էլ՝ տեսագրությունը պահպանվո՞ւմ է, մոնտաժված ֆիլմը կա՞: Հազիվ թե: Բայց դա չէ էականը: Շատ ավելի լավ ֆիլմեր են նույն բախտին արժանացել:
Խնդիրն ավելի խորքային է: Ինչո՞ւ Արցախում չէր կարելի հանրային հեռուստատեսությամբ ասել, որ ԼՂ կարգավորումը ենթադրում է ցավոտ զիջումներ, եթե մենք խաղաղություն ենք ուզում: Ինչո՞ւ էր արգելված ասել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես պատրաստ էին զիջումների: Ինչո՞ւ մի ժողովուրդ 1998 թվականից ի վեր ապրում էր այն մտայնությամբ, որ «պարտվողականությունը» մնացել է անցյալում, մենք հաղթած երկիր ենք, եւ ամենապայծառ ապագան մերն է:
Ընդ որում, այդ նույն ժողովուրդը երկու ոտք էլ փոխ առած՝ հեռանում էր երկրից: Այդ թվում՝ Ստեփանակերտից, Արցախի գյուղերից, իսկ քարոզչությունը բոլորովին այլ պատկերներ էր ցուցադրում՝ ժենգյալով հացի փառատոնից մինչեւ «Կատարո» գինու էլիտար համտեսում:
Միջոցառումներ, որ ավարտվում էին ծանրասեղան խնջույքներով, երգով ու խմբային պարերով՝ Արա լեռից մինչեւ Թալիշ: Գյուղ, որտեղ 2016-ի ապրիլից հետո մարդկանց «բարի լույս» էր ասում Ադրբեջանի պետական դրոշը: Գյուղ, որտեղ չգիտեմ քանի միլիոն դոլար է ծախսվել՝ բոլոր հարմարություններով տասնյակ տներ կառուցելու եւ մարդկանց վերաբնակեցնելու համար:
Սեպտեմբերի 27-ի երեկոյան ադրբեջանական բանակի զինվորներն արդեն այդ տներում էին: Հոկտեմբերի առաջին օրերին թշնամին «Կատարո» գործարանի մառաններում բրենդային գինիներ էր ճաշակում: Այդ կադրերը կան, հազար անգամ տարածվել են սոցցանցերում:
Իսկ ես հիշում եմ 2014-ի նոյեմբերի 1-ը: Շուշիում ընկերոջս դստեր հարսանիքին էի հրավիրված, բայց Ազգային ժողովի նախագահը պարտադրեց, որ դիմավորեմ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեր գործընկերներին: Ուղեւորվեցի, ինչպես ասում են, կախ սրտով: Դիմավորեցի, ուղեկցեցի Արաքսավան:
Այնտեղ էր Արցախի ողջ ռազմաքաղաքական էլիտան՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր… Հետո՝ խնջույք: Ճառե՜ր, ճառե՜ր, ճառե՜ր… Հաջորդ օրը երկու խորհրդարանների հանձնաժողովների համատեղ նիստ: Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր Արցախի ճանաչման օրինագիծ: Միահամուռ մերժեցինք: Եթե հիշողությունս չի դավաճանում, դեմ էր նույնիսկ «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Դեմ էր Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական ինչպիսի՜ համերաշխություն: Ինչպե՜ս էին իշխանական թեւի պատգամավորները հիացած Նիկոլ Փաշինյանի կառուցողականությամբ: Ինչպե՜ս էին հաճոյախոսություններ փոխանակում՝ պաշտոնական ընթրիքի սեղանին, որին մի փոքր ուշացումով միացել էր նաեւ Շուշան Պետրոսյանը եւ բոլորիս մեծ հաճույք պատճառել «Երազ իմ երկիր…»-ի կենդանի կատարմամբ:
Յոթ օր հետո Արցախի ԱԺ պատվիրակությամբ մենք նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության էինք: Եւ այդտեղ նա ասաց, որ տարածքային զիջումներ պետք է արվեն: «Ե՞րբ, ինչպե՞ս, ինչի՞ դիմաց՝ այդ հարցերն ենք քննարկում»: Եւ այդտեղ էր, որ նա փոքր ինչ հեգնական, ավելի շատ հանդիմանական ասաց. «Էդ Հադրութն արդեն ծաղկեցրել, հիմա էլ Արաքսավա՞ն եք շենացնում»:
Ես սպասում էի, որ այդ կոշտ դիտողությունից հետո Ստեփանակերտում «Արաքսավան» ծրագիրը կչեղարկվի: Բայց եղավ ճիշտ հակառակը: Չգիտեմ՝ նախագահ Սարգսյանին ինչ-որ բանում կարողացե՞լ էին համոզել, թե՞ ինքն էր տեսակետը փոխել, բայց ճշմարտությունը պետք է ասվեր. Իրանի հետ սահմանին կպած այդ ամայի տափաստանում ինչպե՞ս էին մտադրվել բնակավայր կառուցել, հազարավոր հեկտարներով ձիթենու այգիներ տնկել:
Աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկներ ունեին: Ի՞նչ իմաստ ուներ հայտարարել, թե Հայաստանին կապող երրորդ մայրուղին ենք կառուցելու:
Չգիտեմ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի տեղը ես էլ լինեի՝ կոգեւորվեի, կվարակվեի բանակցությունների հայեցակարգը փոխելու մտայնությամբ: Այնքա՜ն ինքնավստահ էին այդ ուղղության զորահրամանատարները: Այնքա՜ն վճռական էր Արցախի քաղաքական ղեկավարությունը…
Իսկ իրականությունը բոլորովին այլ էր:
Մի-երկու ամիս առաջ թշնամին ԱԹՍ էր փորձարկել եւ առաջին իսկ հարվածով շարքից հանել ՕՍԱ ՀՕՊ կայանքը՝ ողջ անձնակազմով: Գրեթե նույն ուղղությամբ, որտեղ խնջույքի ճկվող սեղանի շուրջ քաղաքական այրերն ու բարձրաստիճան սպաները դժոխք էին ուղարկում Ալիեւին եւ նրա զորքերին…
Ի՞նչ արժեցավ կեղծիքը՝ մեր այսօրն է: Ի՞նչ կարժենար ճշմարտությունը… Դժվար է ասել: Համենայն դեպս՝ ոչ ավելի վատ իրավիճակ, քան ունենք:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։