Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Կանադան Թուրքիային այլեւս չի մատակարարի Արցախյան վերջին պատերազմում կիրառված ռազմական տեխնոլոգիաներ:
Անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող այդ դետալների մատակարարումը ժամանակավորապես սառեցվել էր դեռ պատերազմի օրերին։
Նախարարն ընդգծել է, որ որոշումն ընդունվել է պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննությունից հետո: Ըստ այդմ, վստահելի ապացույցներ են հայտնաբերվել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կանադական սարքավորումների օգտագործման մասին։
Հետաքննությունը սկսվել էր պատերազմի օրերին, երբ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական Project Ploughshares-ը հաղորդել էր, որ ԼՂ-ի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են Կանադայում տեղակայված L3Harris Wescam ընկերության արտադրած թիրախավորման եւ նկարահանման համակարգերով։