Վարդան Զաքարյանը վերջին անգամ զանգել էր ընկերուհուն․ խնդրել էր նրան գնալ եկեղեցի եւ աղոթել իր համար։ Արդեն եկեղեցում՝ Վարդանի ընտրյալը նրան հաղորդագրություն է ուղարկել, որ կատարել է խնդրանքը։ Ավա՜ղ, ուղարկված հաղորդագրությունը այդպես էլ մնացել է չընթերցված եւ անպատասխան։ Վարդանը զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում։
«Շատ բարի էր, բոլորին ուզում էր օգնել. եթե ինչ-որ մեկն օգնության կարիք ուներ, ապա նա առաջինը ձեռք կմեկներ»,- ասում է Վարդանի քույրը՝ Լիլիթ Զաքարյանը։
Տղան դեռ մանկուց էր այդպես հոգատար։ Քույրը ժպիտով է հիշում՝ փոքրիկ Վարդանը պատրաստ էր հավաքած ամբողջ գումարն իրեն տալու: Մի անգամ էլ գնացել էր իրենց շենքի տակ գտնվող խանութը եւ մեծ քանակությամբ քաղցրավենիք էր գնել, ավելի ճիշտ՝ վերցրել էր քաղցրավենիքը եւ վաճառողին ասել՝ «պապան հետո գումարը կտա», ու բոլոր հարեւանների դռները թակել եւ հրավիրել էր իրենց տուն՝ սուրճի։
Չնայած տարիքային բավական մեծ տարբերությանը (7 տարի)՝ Լիլիթը եւ Վարդանը շատ մտերիմ են եղել, եւ ինչպես ցանկացած քույր-եղբայր հարաբերություններում, Լիլիթի ու Վարդանի մանկությունը նույնպես լեցուն էր աննշան կռիվներով եւ չարաճճիություններով։ Քույրը խոստովանում է, որ ինքն էր կրտսեր եղբորը ավելի հաճախ նեղացնում, եղբայրն էլ սպառնում էր, որ «երբ մամա տուն գա», անպայման պատմելու է։ Բայց այդպես էլ չէր մատնում քրոջը։ Երբ ծնողները տուն էին մտնում, տղան նայում էր Լիլիթի աչքերի մեջ, շրթունքներով հասկացնում՝ «ասե՞մ», ու այդպես էլ ոչինչ չէր պատմում։
«Չէր ուզում, որ վրաս բարկանային»,- տխուր ժպիտով ասում է Լիլիթը։
Վարդանը տարբեր հետաքրքրություններ ու տաղանդներ ուներ, բայց արագ էր կորցնում հետաքրքրությունը։ Զբաղվել է ֆուտբոլով, կարատեով, երգեցողությամբ։ Իսկ փոքր տարիքում հայրիկի հետ փայտե նավակներ էին պատրաստում եւ վաճառում․ այդ նավակներից մի քանիսը դեռ դրված են նրա սենյակում։ Տղան կոլեկցիոներ էր, ալկոհոլային տարբեր խմիչքներ էր հավաքում։ Արդեն բավական մեծ տեսականի ուներ։ Որտեղ տեսներ, անկախ գնից, պետք է ձեռք բերեր եւ համալրեր իր հավաքածուն։ Տղայի հոբբին հեշտացնում էր նրա հարազատների գործը տոներից առաջ․ արդեն գիտեին ինչ նվիրել։
Հոգատար երիտասարդը սիրում էր անակնկալներ մատուցել եւ ուրախացնել մարդկանց։ Ընտանիքի անդամների ծննդյան տարեդարձները միշտ կեսգիշերին էր շնորհավորում․ տորթով, փուչիկներով եւ բարձր տրամադրությամբ։ Նույնիսկ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 17-ին, քրոջ ծննդյան օրը չէր մոռացել եւ ծնողների միջոցով տորթ էր հասցրել Լիլիթին։
«Նրանից ստացած վերջին տորթն էր»,- ասում է քույրը։
Վարդանը հավասարակշռված էր եւ հանգիստ։ Սովորում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սննդաբանության բաժնում, իսկ մինչ այդ Երեւանի հայ-հունական քոլեջում խոհարարություն էր սովորել։ Բազում նպատակներ ուներ, որոշել էր բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունակել, բացի այդ՝ ընդլայնել իրենց ընտանեկան գործը։
Երիտասարդը չէր վախենում ծառայությունից․ 18 տարեկանում մեծ ոգեւորությամբ էր սպասում զինվորական համազգեստ հագնելուն, բայց առողջական խնդիրը՝ երիկամի մեջ գտնվող քարը, խառնել էր տղայի բոլոր ծրագրերը։ Արդեն չորս տարի էր անցել, համակերպվել էր, որ չէր ծառայելու, ու թեեւ առաղջական խնդիրը չէր լուծվել, զինվորական կոմիսարիատում որոշվեց՝ պետք է ծառայի։ Վարդանի հարազատներին ու ընկերներին մտատանջում է երկու հարց, նախ ինչպես եղավ, որ տղային առաղջական լուրջ խնդիրներով ծառայության կանչեցին, եւ երկրորդ՝ արդյոք Վարդանը իրենց կողքին կլիներ, եթե ժամանակին ծառայության մեկներ։
Մեկ ամսվա ծառայող էլ չէր, երբ սկսվեց պատերազմը։ Զորակոչվել էր օգոստոսի 30-ին, եւ եթե հաշվի առնենք, որ մինչեւ սեպտեմբերի 16-17-ը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, անցկացրել էր կարանտինային ռեժիմում, ապա տղան ընդամենը 10 օրվա ծառայող էր, երբ հայտնվեց առաջնագծում։
Քույրը զարմանում է, թե ինչպես կարող էին ընդամենը տասը օրվա ծառայողին, որ նորմալ զենք բռնել էլ դեռ չէր հասցրել սովորել, կռվի տանել, այն էլ՝ առաջնագիծ։ Ընտանիքը չի իմացել, որ տղան պատերազմի առաջին օրերից էլ մարտերի է մասնակցել։ Զանգելիս միշտ ասում էր՝ լավ է, քնից նոր է արթնացել, կամ էլ խորոված են ուտում։ Ժպտերես ու կյանքով լեցուն տղան չէր թողնում, որ հարազատներն անհանգստանային, երբեք չէր դժգոհում։
Վարդանը Մարտունու 3-րդ զորամասում էր ծառայում։ Հոկտեմբերի 24-ին հրաման է եկել նրանց Մարտունու 2-րդ զորամաս տեղափոխելու․ թշնամին արդեն Մարտունիում էր, տղաներն էլ գնացել էին թշնամու զորքը հետ մղելու, բայց օդային հարձակման դեմ չկարողացան հաղթանակ տանել։ Ավիացիոն հարձակումը ջոկից խլեց չորսի կյանքը, այդ թվում՝ Վարդանինը։
Տղայի զոհվելու մասին ընտանիքը իմացել է միայն նոյեմբերի 1-ին։ Իրենք են պարզել, մինչ օրս պաշտոնական որեւէ տեղեկություն չի տրվել Զաքարյանների ընտանիքին։
«Թե ինչպես է հայտնվել Մեծամորում անհայտ կորած համարվողների շարքում, այդպես էլ չիմացանք»,- ասում է Լիլիթը։
Նկարի միջոցով հնարավոր է եղել ճանաչել մարմինը, իսկ ԴՆԹ թեստի արդյունքները հաստատել են անողոք իսկությունը։
«Նույնիսկ ԴՆԹ-ից հետո չէինք հավատում, անասելի բարդ է համակերպվել նման կորստին»,- մեր զրույցը եզրափակում է Վարդանի քույրը։