Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Բեյզոք (Բեյքոզ) շրջանում բացվել է ապակու եւ բյուրեղագործության արվեստի թանգարան: Այն հիմնվել է օսմանյան շրջանի հայազգի հայտնի պետական գործիչ Աբրահամ Երամյանի (Աբրահամ փաշա) կառուցած գործարանի տարածքում: Թուրքական մամուլն անդրադարձել է այս իրադարձությանը՝ մանրամասներ հայտնելով Աբրահամ փաշայի մասին, որի ջանքերով կառուցված շենքը նորոգումից հետո ինքնատիպ թանգարանի է վերածվել: Բեյզոքի քաղաքապետարանի կայքէջը ներկայացրել է հայ պետական գործչի կենսագրությունը՝ նշելով, որ Աբրահամ փաշան ապրել է 1833-1918 թվականներին, եղել է օսմանյան շրջանի հայազգի եպարքոսներից մեկը (էպարքոս. Բյուզանդիայում այդպես է կոչվել քաղաքապետը, հատկապես Կոստանդնուպոլսի-խմբ.), կարեւոր դերակատարություն է ունեցել կայսրության եւ Եգիպտոսի միջեւ՝ լինելով դիվանագետ, վեզիր եւ մեծահարուստ: Աբրահամ փաշան ծնվել է Ստամբուլում, կրթությունը ստացել է Եգիպտոսում: Հայ գործիչը սուլթան Աբդուլ Ազիզի մտերիմ ընկերն էր, նրա օրոք է եղել պետական գործիչ, հենց Աբդուլ Ազիզն էլ նրան շնորհել է փաշայի կոչում: Սահուն խոսել է թուրքերեն, արաբերեն եւ ֆրանսերեն, Ստամբուլի Բերա հատվածի բարձր հասարակության նշանավոր դեմքերից էր:
Թանգարանի բացմանը Աբրահամ Երամյանի անունը հիշատակել է նաեւ Թուրքիայի ազգային պալատների վարչության նախագահը՝ նշելով, որ Աբրահամ փաշայի կառուցած պուրակը 19-րդ դարի Ստամբուլի ամենանշանավորներից էր: Պուրակի որոշ շինություններ տարիներ շարունակ վատ վիճակում էին, 2018-ին հանձնվել են ազգային պալատների վարչությանը, որն էլ նորոգելով բացել է ապակու եւ բյուրեղագործության արվեստի թանգարանը՝ անցյալից հասած եւ այսօրվա թուրքական ապակեգործության արվեստը ներկայացնելով աշխարհին: Թանգարանի ցուցանմուշների հավաքմանը մասնակցել են գիտնականներ, հավաքորդներ, արվեստաբաններ: Ըստ կազմակերպիչների՝ որոշ ցուցանմուշներ բացառիկ գանձեր են, որոնք կրկնօրինակ չունեն աշխարհում: Թվագրվում են Սելջուկյան սուլթանությունից մինչեւ Օսմանյան կայսրության վերջին տարիներ: Նորաբաց թանգարանի ֆոնդում հավաքվել է 12 հազար 900 գործ, որից 1500-ը ցուցադրվում է: Թանգարանը շրջապատված է 117 տարբեր տեսակի ծառերով, որոնք էլ իրենց հերթին կազմում են բուսաբանական թանգարան:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն այս առիթով նշում է, որ օսմանյան շրջանում սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով այդ վայրում կառուցվել է ապակյա իրերի պատրաստման եւ արտադրության գործարան. սուլթանն այդ գործը վստահել էր Աբրահամ փաշային:
Թանգարանում ամենամեծ բաժինը հատկացված է ավանդական եղանակով պատրաստված հայտնի բեյզոքյան «փքված» բաժակներին եւ անոթներին, որոնց պատրաստման եղանակը կայսրության վարպետները Կ. Պոլիս են տարել Վենետիկից: Ցուցադրությանը զուգահեռ թանգարանում հիմնվել է նաեւ ապակեգործության գրադարան, որտեղ թուրքերենի կողքին կա նաեւ օտար լեզուներով գրականություն: Թանգարանի բացումը կատարած Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Ցավոք, մեզ հասած ժառանգությանը մեր երկրում ինչ-որ ժամանակաշրջանում շատ կոպիտ էին վերաբերվում, եւ այդպես շատ գեղեցիկ գործեր են ոչնչացվել: Հատկապես միակուսակցական ժամանակահատվածում մենք երկրի ու ազգի արժեքներին հակասող մտածելակերպի գերին էինք: Բայց ուրախալի է, որ վերջին տարիներին երկրում ժառանգությունը պահպանելու քաղաքականություն կա»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։