Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Ռուսաստանը 40 հազար զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի արեւելյան սահմանի մոտ, նույն քանակությամբ զորք է տեղակայված Ղրիմում: Յուլիա Մենդելը հորդորել է չտրվել խուճապի եւ իրատեսորեն գնահատել սպառնալիքները:
Կրեմլը չի հերքում, որ զորք է տեղակայել Ուկրաինայի սահմանի մոտ: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զորքերի տեղակայումն այդ հատվածներում բացատրել է Դոնբասում լարվածության սրմամբ։
ԱՄՆ-ն խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի առնչությամբ եւ զգուշացրել, որ Ռուսաստանի անխոհեմ կամ ագրեսիվ քայլերին համարժեք պատասխան է տալու:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ մեծացնելով Կիեւին ռազմական օգնությունը՝ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները Ուկրաինան գիտակցաբար վերածում են «վառոդի տակառի»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, այցելելով Դոնբասի սահմանազատման գծի մոտ գտնվող խրամատները, խոստացել է ամեն ինչ անել խաղաղությունը պահպանելու համար: Կիեւը հարցում է ուղարկել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: