Մեղրաձորում ո՛չ գործ կա, ո՛չ հող, ո՛չ էլ մեղր. երբեմնի մեղվապահությունն անկում է ապրում: Մեղրաձորի ոսկու հանքից համայնքի բնակիչներն ակնկալիքներ չունեն, առավել եւս՝ պահանջներ: Համայնքի տարածքում գործող եւ տարեկան միջինը 1,5 մլրդ դրամի ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութ արդյունահանող հանքարդյունաբերական ձեռնարկությունը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցում է տարեկան (2016-2020) միջինը 6,4 մլն դրամի չափով, այսինքն` արդյունահանված արժեքի ոչ ավելի, քան 0,5%-ի չափով:
Մեղրաձոր համայնքում, թվում է, շատ մեղր կա, բայց ինչպես տեղացիներն են ասում, վերջին տարիներին պակասել է, ինչը պայմանավորում են հեռախոսների, կապերի վերահաղորդակների ճառագայթման, հանքարդյունաբերության ու անբարենպաստ եղանակի հետ:
Կորոնավիրուսի համավարակի, հետո պատերազմի հետեւանքով Մեղրաձորում սոցիալական վիճակն ավելի է վատացել: Տեղացիներն ասում են, որ հիմնական աշխատանքն արտագնա է, սակայն տեղաշարժման սահմանափակումներ են մտցվել, տոմսերն էլ շատ թանկ են: Հարցին, թե համայնքի տարածքում ոսկու հանքավայր է շահագործվում, արդյո՞ք դրանից գյուղը չի օգտվում, տեղացիները պատասխանում են. «Սաղ քանդեցին տարան, էլ ի՞նչ ոսկու հանք»:
Մեղվաբուծությո՞ւն, զբոսաշրջությո՞ւն, թե՞ հանքարդյունաբերություն, ո՞րն է Մեղրաձորի զարգացման տեսլականը. պատմում ենք մուլտիմեդիա ձեւաչափով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։