Երբեմնի այգեգործական Շնող համայնքում «Թեղուտ» ՓԲԸ-ի աջակցությամբ այսօր, որպես հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը մեղմացնող գործողություն, տնկվել ու տնկվում են այգիներ, սակայն դրանք համեմատելի չեն այն վնասի հետ, որը հասցվել է տարածքի բնությանն ու բնակչությանը:
Նորատունկ անտառը, որը պետք է մեղմեր շրջակա միջավայրին հասցվող վնասը, ուղղակի չկա: Հիմնական եկամտի աղբյուրից զրկված մարդկանց գործերն էլ դատարանները Եվրադատարանի որոշումներից հետո դեռ պետք է վերաքննեն ու հստակեցնեն, թե ինչ ասել է «հանրային շահ», որքան է կազմում, եւ ով պետք է հատուցի քաղաքացիների կրած նյութական վնասը:
Շնողի բնակիչ Արամ Ռամազյանի հետ ուղեւորվել ենք նորատունկ այգիներ: Զրուցել ենք Շնողի համայնքապետի, ինչպես նաեւ հողատերերի հետ, որոնք անկոտրում շարունակում են պայքարը հանուն արդարության: Տեղեկության ստացման մի շարք հարցումներ ենք ուղղել պատկան մարմիններին ու «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, փորձել ենք պարզել հանքարդյունահանող ընկերության դերը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Հիշեցնենք, որ Թեղուտի հանքի շահագործման նպատակով հատվել է ավելի քան 357 հա անտառ, փոխարենը ընկերությունը, որպես անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցում, պետք է 714 հա անտառ տնկեր, որից 318 հեկտարը՝ մինչեւ 2020 թվականը:
Ընդհանուր առմամբ 2021 թվականի փետրվարի դրությամբ ընկերությունը ֆինանսավորել է 624 հա անտառի եւ պտղատու այգիների հիմնման ծրագրեր: ՇՄ նախարարության տեղեկացմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերն իրականացրել են 315 հա անտառային մշակույթների հիմնում (2020 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ)։ Բայց թե դրանցից որքանն է անտառ դարձել՝ ստորեւ, հերթով-կարգով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։