Տարիներ շարունակ ընդունված էր՝ այս մասին գիտեին բոլորը, որ Բաղրամյան 26-ում է համաձայնեցվում ու հստակեցվում ապագա պատգամավորների ցանկը։ Այդ ցանկում (ավելի ճիշտ՝ ցանկերում, որովհետեւ տարբեր «քաղաքական ուժերի» համար տարբեր ցուցակներ էին կազմվում) հայտնված «երջանիկների» մեծ մասը՝ չնչին բացառություններով, պարտավոր էին ոչ միայն իրենց հավատարմությունը եւ հնազանդությունը հավաստող գրավոր խոստումներ տալ ցուցակը գլխավորողին, այլ նաեւ գրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում՝ ստորագրված ու առանց ամսաթվի։ Ամսաթիվը կդրվեր հետո, եթե տվյալ պատգամավորին՝ խաղի իրենց սահմանած կանոնները խախտելու պատճառաբանությամբ մանդատից զրկելու անհրաժեշտություն առաջանար։
Ղեկավարի նկատմամբ անվերապահ հնազանդության այս պահանջը, որ ավելի շատ հանցագործ աշխարհին է բնորոշ, բացատրվում է այդ աշխարհի յուրահատկությունններով, մեկ խնդիր էր լուծում՝ ունենալ կամակատար պատգամավորներ, որոնք առանց ավելորդ բարդությունների կքվեարկեն ու ոչ մի դեպքում անակնկալներ չեն մատուցի։
2018-ից հետո՝ հատկապես «Իմ քայլը» խմբակցության դեպքում նման դրսեւորում, թվում էր, չպետք է լինի։ Թեկուզ միայն այն պատճառով, որ երիտասարդներ են։ Ճիշտ է, անփորձ են, ոչ քաղաքական եւ ոչ էլ կյանքի ճանապարհ չեն անցել, անհայտ անուններ են, պատահական են, շատ դեպքերում՝ անիմաստ են, բայց երիտասարդ են ու երիտասարդին բնորոշ ազատամտությունը եւ ըմբոստությունը չպետք է թույլ տան նրանց լինել այդքան հլու։
Խոսքը բոլորովին էլ՝ հարմար առիթն օգտագործելու ու թիմին դավաճանելու մասին չէ։ Նման օրինակները, որ թիմից էլ լինեն՝ տգեղ է ու մերժելի։ Խոսքը նախընտրական փուլում հայտարարած ծրագրերին ու խոստումներին հավատարիմ մնալու ու սկզբունքային պատգամավոր լինելու մասին է։
Հայտնի չէ, թե այսօրվա երիտասարդ պատգամավորներն ինչ կապանքներով են կապված, բայց որ նրանք նախկիններից ավելի են կաշկանդված եւ մշտապես կույր հնազանդություն են դրսեւորում՝ անկասկած է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, երբ իրենց առաջնորդի ուսապարկն ու իրենց պառլամենտական թիմի անդամներին նույնացնում էր՝ գիտեր ինչ է ասում, ինչու է ասում եւ, անկասկած, ճիշտ էր։
Եթե դու քաղաքական գործիչ ես ու պատգամավոր՝ ունես քաղաքական ծրագրեր, քո ծրագրերն ու գաղափարներն իրագործելու նպատակ եւ եթե կշեռքի մի նժարին դրված են առաջնորդի-շեֆի-ֆյուրերի-պարագլխի (տարբեր թիմերում տարբեր կերպ են անվանում) ամբիցիաները, նրա պահանջները, նրան տրված անձնական հավատարմության խոստումը, իսկ մյուս նժարին՝ գաղափարներդ ու ծրագրերդ են, եթե առաջնորդդ եւ թիմդ հընթացս փոխել են ուղղությունը, գնում են բոլորովին այլ ուղղությամբ, հավատարիմ չեն այն խոստումներին ու ծրագրերին, որոնցով պառլամենտ են մտել ու իշխանություն ստացել, ապա դու, եթե ուսապարկ չես, եթե քեզ քաղաքական գործիչ ես համարում, եթե, վերջին հաշվով, մարդ ես եւ ունես արժանապատվություն ու սկզբունքներ, պետք է կամք դրսեւորես ու կաշկանդող կապանքներից ազատվես։
Իսկ եթե քաղաքական գործիչ չես, եթե չունես քաղաքական ծրագրեր ու պատկերացումներ, եթե նպատակդ պատահական հնարավորությունից օգտվելն է՝ բարձր աշխատավարձ, պարգեւավճար, ամբիցիաներ, ապա, իհարկե, ինչ էլ լինի՝ կմնաս թիմում։
Կարեւոր էլ չէ, թե ի՞նչ թիմ է, ովքե՞ր են այդ թիմում, ի՞նչ ուղղություն են ընտրել, ի՞նչ արագությամբ են շեղվում նախանշված ուղուց։ Քեզ ստիպելու ու հնազանդեցնելու կարիք անգամ չկա։ Դու ուսապարկ ես։ Հնազանդ ես ի սկզբանե։
Ոչ ոք դեռ անհնազանդ ուսապարկ չի տեսել։ Ոչ ոք չի տեսել, թե ինչպես է ուսապարկն՝ իր անհամաձայնությունը հայտնելով՝ քիթը ցից՝ հեռանում տիրոջից։ Չի եղել նման բան ու, վստահաբար, չի էլ լինելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։