ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ հունվարի 2-5-ը եւ 7-ը կհանվեն տոնական օրերի ցանկից։
Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ գործող կարգավորումները Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր: Քերոբյանը հունվարյան այդ օրերը «խրախճանքի տասնօրյակ» է որակել՝ դա անթույլատրելի շռայլություն համարելով։
Նախարարը նշել է, որ օրենքի ընդունմամբ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով (որից առեւտրի թողարկումը՝ 47․5 միլիարդով), արդյունաբերության թողարկումը՝ 35․4 միլիարդով, ծառայությունների թվարկման ծավալը՝ 33․9 միլիարդով եւ այլն:
«Սրանք չափից ավելի նշանակալից թվեր են, որպեսզի մենք թույլ տանք հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- եզրափակել է Քերոբյանը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեմ է արտահայտվել նախագծին: Նախարարը նշել է, որ 5 աշխատանքային օրվա կրճատումը կնվազեցնի աշխատողների հանգստյան օրերի թիվը տարվա կտրվածքով՝ առաջարկելով աշխատանքային դարձնել միայն հունվարի 4-ը, 5-ը եւ 7-ը։
Մեսրոպ Առաքելյանը կառավարության՝ նախագծին դեմ քվեարկած միակ անդամն էր։