Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղի է ունեցել գրեթե սենսացիոն իրադարձություն. որպես խոշոր հարկատու՝ երկրորդ հորիզոնականում է հայտնվել պաշտպանության նախարարությունն իր վճարած 15 մլրդ դրամ հարկով, անցած տարվա համեմատ՝ 6 մլրդ դրամով ավելի։ ՊՆ-ն՝ որպես հարկատու, սկսեց ուշադրություն գրավել վերջին մեկ-երկու տարիներին, քանի որ վճարած հարկերով երբեւէ աչքի չի ընկել։
Պաշտպանության նախարարությունից չհաջողվեց ճշտել, թե ինչի արդյունքում է այդքան շատ հարկեր վճարել եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հետո հայտնվել երկրորդ հորիզոնականում։
Խոշոր հարկատուների հատկապես առաջին հորիզոնականներում նախկինում պետական գերատեսչություն չէր հայտնվել, հիմնականում ներկրող, արտադրող, ծառայություն մատուցող կամ հանքարդյունաբերական ոլորտի խոշոր ընկերություններն են։ Եվ այսօր երկրորդ հորիզոնականում ՊՆ-ի հայտնվելը խիստ ակնառու էր։ Ընդ որում՝ այդ 15 մլրդը ոչ թե մաքսային տուրք է, որը գոյացած կլիներ ներկրումից, այլեւ` հարկային վճար։
Այնուամենայնիվ նշենք, որ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մարտին խոշոր հարկատուները վճարել են 260 մլրդ 117 մլն դրամ, ինչն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 42 մլրդ 258 մլն դրամով ավելի է։ Եվ դա այն դեպքում, երբ 2020 թվականին, ի տարբերություն այս տարվա, չկար թե՛ կորոնավիրուսի համաճարակի եւ թե՛ Արցախյան պատերազմի բացասական ազդեցությունը։
Այդպիսով՝ առաջին խոշոր հարկատուն, ինչպես նշեցինք, «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 18,7 մլրդ դրամ՝ անցած տարվա համեմատ հարկերն ավելացնելով մոտ 1 մլրդ դրամով։ Իսկ այս տարի միակ հետաքրքիր տեղաշարժը միայն ՊՆ-ի հետ չէ, որ տեղի է ունեցել, խոշոր հարկատուների ցանկում բավականին ուշագրավ տեղաշարժեր են եղել։
Օրինակ՝ հարկերը կտրուկ ավելացրել՝ 5,1 մլրդ դրամից 9,7 մլրդ դրամ է դարձրել մեր հանքարդյունաբերության հսկան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Բայց հարկերը կտրուկ նվազեցրել՝ 3,4 մլրդ դրամից 612 մլն դրամ է դարձրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Սամվել Ալեքսանյանին պատկանող «ՍԻԹԻ» ընկերությունը, որը միավորում է «Երեւան ՍԻԹԻ» սուպերմարկետների ցանցը, նույնպես կտրուկ նվազեցրել է պետական վճարումները՝ 2 մլրդ 153 մլրդ դրամից դարձնելով 1 մլրդ 747 մլրդ դրամ։ Գործարարին պատկանող մյուս՝ «Ալեքս ընդ հոլդինգը» հարկերը նվազեցրել է ավելի քան 550 մլն դրամով։
Հարկերը կտրուկ նվազեցրել են նաեւ Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները՝ «Գրանտ տոբակոն», որն անցած տարվա առաջին երեք ամիսներին 14,6 մլրդ դրամ էր վճարել, այս տարվա հունվար-մարտին՝ ընդամենը 3.1, եւ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», որը 5 մլրդ էր վճարել, այս տարի՝ 4,1 մլրդ։ Փոխարենը մոտ 250 մլն դրամով հարկերն ավելացրել է Վարդանյանների «Գրանդ քենդի» ընկերությունը։
Հարկերը տասն անգամ նվազեցրել եւ 2.5 մլրդ դրամից 241 մլն դրամի է հասցրել «Արմենիա միջազգային օդանավակայանները»։
Իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի լեոն» եւ «Մուլտի գազ» ընկերությունները հարկերը պակասեցրել են մոտ 50-ական մլն դրամով։
Այդպիսով Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա օլիգարխներին պատկանող ընկերություններն անցած տարի նվազեցրել են իրենց շրջանառությունը՝ կտրուկ նվազեցնելով նաեւ վճարած հարկերը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։