«Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին է տրամադրել 4․5 մլն շվեյցարական ֆրանկի չափով դրամաշնորհ:
Ապրիլի 15-ից մեկնարկած ծրագիրն իրականացնելու է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը «Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության» (SDC) հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների եւ գյուղական բիզնեսների եկամուտը տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ եւ կայուն օգտագործման շնորհիվ:
Տնտեսական աճը, բնական պաշարների եւ կենսաբազմազանության պահպանությունը փոխկապակցող այս ծրագիրը կխթանի նաեւ բնության եւ կլիմայի փոփոխության քաղաքականությունը։
Ծրագիրը կտեւի 8 տարի, կիրականացվի Տավուշի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: