Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ կեսօրին ականի պայթյունից աջ ոտնաթաթի վիրավորում է ստացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար 36-ամյա Տ.Հ.-ն:
Ըստ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության՝ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները: Այնուհետեւ որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը արցախցի փրկարարին տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ փրկարարի կյանքին վտանգ չի սպառնում, նրա առողջական վիճակը կայուն է:
Սա արդեն երրորդ նման դեպքն է։ Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:
Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:
Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1542 աճյուն։
Փրկարարական մեկ այլ ջոկատ այսօր որոնողական աշխատանքներ կիրականացնի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ: