Ըստ Ամերիկայի հայկական համագումարի՝ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր:
Մենենդեսը, որը շուրջ 25 տարի զբաղվում է Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրներով, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է լրջագույն ճնշում գործադրի Բաքվի վրա եւ ստիպի, որ վերջինս ազատ արձակի ռազմագերիներին:
«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ տարի, միանգամայն ողբերգական էր տարածաշրջանում շատ-շատերի համար»,- ընդգծել է Մենենդեսը:
Սենատորը կարեւորել է Արցախի տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ԱՄՆ հետեւողականությունը:
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնի թեկնածու Վիկտորյա Նուլանդը լիովին համաձայնել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին:
Նուլանդը կոչ է արել աջակցելու հայերին ականազերծման աշխատանքներում, ինչպես նաեւ ապահովելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: