Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը:
Կոչ անելով ստեղծելու պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ Չավուշօղլուն Բայդենի վարչակազմին հիշեցրել է Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունների կարեւորության մասին:
«Հայաստանն իր վրա վստահ չէ եւ նախընտրում է քարոզչությունը»,- պնդել է Չավուշօղլուն եւ հավելել, որ «այդ մի բառն օգտագործելով՝ պատմությունը չես փոխի»:
Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ անգամ եթե Բայդենն օգտագործի «ցեղասպանություն» բառը, միեւնույնն է, «միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի ազդեցություն չի ունենա»:
«Դա ոչ մի իրավական ուժ չի ունենա»,- շեշտել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ Գերմանիայի խորհրդարանում ցեղասպանությունը ճանաչելուց հետո հենց այդպես էր արտահայտվել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: