Տարիներ առաջ արցախցի մի պատմաբանի հետ բանավեճ ունեցա: Ազգային ժողովի պատգամավոր էինք, գրեթե՝ տարեկից, միմյանց գիտեինք Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ուսանողության ծանոթությունից:
Խորհրդային Ադրբեջանի ենթակայության մեր բուհի պատմության բաժնի ուսանողները հայ ժողովրդի պատմություն չէին անցնում: Ի տարբերություն նրանց, լեզվագրականի ուսանողներս հայ հին գրականություն եւ գրաբար անցնում էինք: Խորենացի էինք կարդում, Բուզանդ, Եղիշե: Գոնե այն չափով, որ կիսամյակային քննություն հանձնենք:
Երբ ընդդիմախոսս կռվան բերեց Երեւանում ասպիրանտության տարիների ինքնակրթությունը, շատ հանգիստ բացեցի Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը»՝ բնագրով (գիրքն աշխատասեղանիս էր, ազատ ժամերիս այնտեղից Արցախի պատմական տեղանուններ էի դուրս գրում) եւ խնդրեցի, որ մի պարբերություն գրաբարով կարդա եւ արդի հայերենով վերաշարադրի: Ինչպես եւ պատկերացնում էի՝ չկարողացավ:
Մի քանի տարի հետո նա հրատարակեց «Արցախի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրեր» մենագրությունը, որտեղ, բնականաբար, առատ մեջբերումներ են հայ դասական պատմագրությունից: Ահա, մարդը գրաբարով մի պարբերություն Կաղանկատվացի կարդալ չէր կարող, բայց, ինչպես մենագրությունից է ենթադրվում, Խորենացի է բնագրով ուսումնասիրել։
Ինչու՞ անդրադարձա ցավոտ այս թեմային: Քիչ առաջ արցախցի մեկ այլ պատմաբան ֆեյսբուքում գրառում էր հրապարակել, թե ո՞վ է պատմաբանի, քաղաքագետի կոչում շնորհում ոչ մասնագետներին:
Քառորդ դար առաջ, երբ բանակային «Մարտիկ» թերթի խմբագիրն էի, իսկ ինքը՝ զինթղթակից, նրան խորհուրդ եմ տվել պատմության համար շարադրել Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմագործողությունները: Հետագայում, կարծեմ, հենց այդ թեմայով էլ թեկնածուական է պաշտպանել: Նրա ոլորտը Պաշտպանության բանակի մարտական ուղին է՝ կամավորական ջոկատներից մինչեւ կանոնավոր զորամիավորում: Բայց թշնամու հետ տեղեկատվա-քարոզչական պատերազմում բավակա՞ն է Արցախի վաղնջական շրջանից մինչեւ մեր օրերի պատմությունը՝ շարադրված բացառապես հայ աղբյուրների հիման վրա:
Կամ ղարաբաղյան առաջին պատերազմում մենք միայն հաղթանակնե՞ր ենք ունեցել՝ ինչպես 25 տարի անընդմեջ ասվել, կրկնվել-տիրաժավորվել է: Ցավալի վրիպումներ չե՞նք ունեցել: Չե՞ն եղել օրհասական պահեր, երբ թշնամին գրեթե վերատիրացել էր ամբողջ Քարվաճառին: Կորուստներ չե՞նք ունեցել, որոնցից կարելի էր խուսափել: Մի խոսքով, ինչու՞ էինք մենք Շարժումը, պատերազմը ներկայացնում միայն վարդագույն «վրձնահարվածներով»՝ դուրս թողնելով նեգատիվը, սեւը, ահռելի խոռոչները, որ հարյուրավոր կյանքեր են կլանել:
Հրապարակային էյֆորիան մի կողմ, Պաշտպանության բանակը, Զինված ուժերի Գլխավոր շտաբը, վերլուծաբանական հաստատությունները, հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները գոնե ներքին շրջանառության համար ունեի՞ն առաջին պատերազմի, բանակցությունների, հրադադարի հաստատման եւ դրան հաջորդած միջազգային քննարկումների ամփոփ պատկեր, այդ հիման վրա ձեւակերպված հաջորդական քայլերի հայեցակարգ:
Չգիտեմ:
Տասնհինգ տարի Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եմ եղել, չեմ հիշում, որ այդ բնույթի պաշտոնական փաստաթղթի հանդիպած լինեմ: Եթե որեւէ տեղեկություն հաջողվում էր ստանալ, ապա միայն՝ անձնական կապերի, շփումների շնորհիվ: Թե ինչ դժվարություններ էինք բախվում՝ օրինակ բերեմ:
Տեղեկացել էի, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խորհրդարանական փակ հանդիպում պիտի ունենա: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Արմեն Ռուստամյանն էր: Զանգեցի, խնդրեցի, որ ապահովի մասնակցությունս: Սիրով համաձայնեց: Մեկնեցի Երեւան, նշված ժամին տեղում էի, բայց Արմենը խնդրեց, որ դահլիճի վերջին շարքում նստեմ եւ հնարավորինս աննկատ մնամ:
Օսկանյանը եկավ։ Դա այն շրջանն էր, երբ Իլհամը նոր էր փոխարինել հորը եւ փաստորեն չեղարկել բոլոր պայմանավորվածությունները: Բանակցությունները պետք է վերսկսվեին մաքուր էջից: Օսկանյանը բավական անկեղծորեն ներկայացրեց իրավիճակը: Ինձ համար լուռումունջ նստած՝ արագ-արագ սղագրում էի: Հանդիպումն ավարտվեց, երբ արդեն դուրս էինք գալիս, չգիտեմ ինչ պատճառով Օսկանյանը ետ դահլիճ մտավ, երեւի ինչ-որ բան էր մոռացել սեղանին եւ ինձ տեսնելով՝ բառիս բուն իմաստով ցնցվեց: Չէ՞ որ խորհրդապահական հանդիպումը նախատեսված էր Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համար, իսկ ես Արցախից էի:
Ստիպված էի ներողություն խնդրել եւ խոստանալ, որ հնչեցրած մտքերը չեմ հրապարակի, լրագրողների հետ չեմ շփվի: Խոստումս պահեցի: Նաեւ՝ Ստեփանակերտում: Մտահոգություններով կիսվեցի միայն նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նա, իհարկե, շատ ավելին գիտեր: Գիտեին նաեւ ուրիշները: Բայց բոլորով լռում էինք: Եւ ճանապարհ տալիս հանրային, հրապարակախոսական, գիտական ու կրթամշակութային էյֆորիկ դրսեւորումներին, որ 22 տարի թեւածեցին Հայոց աշխարհում՝ Սարդարապատի, Շուշիի տոնախմբությունների տեսքով, խնջույքների սեղանին բաժակաճառերով, պաթետիկ բանաստեղծություններով եւ պատմա-քաղաքագիտական ահռելի ծավալի գրականությամբ:
Այդպես իրականությունը խեղվեց, զոհաբերվեց կոնյունկտուրային: Այսօրվա հանրային ապատիան ամեն ինչի փլուզումից է: Բայց ռազմական ձախողումները, երեւի, հոգեւոր-քաղաքակրթական ձեւախեղումների հետեւանքն են նաեւ: Եւ եթե վերագտնումի ճանապարհ կա, պետք է գտնվի, ապա, թերեւս, արժե ամեն ինչ սկսել մեր ազգային էութենականության վերագնահատումից:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։