1920 թվականի աշնանը, երբ Հայաստանը պարտություն կրեց քեմալականների սանձազերծած պատերազմում, իշխող քաղաքական ուժը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց եւ ժամանակավորապես հեռացավ քաղաքական ասպարեզից։
Թուրք-հայկական պատերազմը, որ սկսվեց 1920 թվականի սեպտեմբերի վերջին, աղետ էր հայ ժողովրդի համար։ Յոթ շաբաթվա ընթացքում Հայաստանը կորցրեց Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, ապա քեմալականներն անցան Ախուրյանը եւ գրավեցին Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը՝ սպանդ ու ավեր տարածելով հայկական հողի վրա։
Հայաստանը կորցրեց շուրջ 30 հազ. քառ. կմ տարածք, այսինքն՝ հանրապետության կեսը, տվեց հազարավոր զոհեր։ Միայն Կարսում մեր գերիների թիվը անցավ 2000-ից, որոնց մեջ էին Օհանջանյանի կառավարության նախարարներից Արտաշես Բաբալյանը, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, բարձրաստիճան սպաներ։
30 հազ. քառ. կմ տարածք զիջելուց բացի՝ Հայաստանը ստիպված եղավ Արցախում, Զանգեզուրում եւ Նախիջեւանում իր իրավունքները զիջել բոլշեւիկյան Ռուսաստանին։ 1920 թվականի օգոստոսի 10-ին, երբ Սեւրում ստորագրվում էր համանուն դաշնագիրը, որը թղթի վրա Հայաստանին խոստանում էր 160 հազ. քառ. կմ տարածքով Միացյալ Հայաստան, նույն օրը Թիֆլիսում վարչապետ Օհանջանյանի կառավարության երկու ներկայացուցիչներ՝ Արտաշես Բաբալյանն ու Արշակ Ջամալյանը, բոլշեւիկյան ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով «Ռուսաստանի զորքերը գրավում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը»:
«Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը, Ռուսաստանը ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով»,- ասվում էր օգոստոսի 10-ի համաձայնագրում:
1920 թվականի նոյեմբերի 6-ին քեմալականները գրավեցին Ալեքսանդրապոլի բերդը, ապա՝ նաեւ քաղաքը, որ այն ժամանակ Հայաստանի ամենախոշոր բնակավայրն էր։ Հայերը ստիպված եղան ընդունել թուրքերի եւ նրանց զորքերի արեւելյան հրամանատար Քյազըմ Կարաբեքիրի կապիտուլյացիոն պայմանները։ Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց։
Նոյեմբերի 24-ին ձեւավորվեց կոալիցիոն կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Մեկ շաբաթ անց քեմալականների եւ բոլշեւիկների հարվածների տակ Վրացյանի կառավարությունը հրաժարական տվեց։ ՀՅԴ Բյուրոն նոյեմբերի 30-ի որոշումով իշխանությունը փոխանցեց Հայհեղկոմին։
Հետագայում ՀՅԴ-ական գործիչները, առաջին հերթին երեք վարչապետներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանն ու Սիմոն Վրացյանը, իրենց գրություններում ոչ միայն չէին խուսափում պատասխանատվության զգացումից, այլև ամենախիստ ինքնաքննադատության էին ենթարկում իրենց, որ ժամանակին չեն փորձել խոսել ռուս բոլշեւիկների եւ թուրք քեմալականների հետ, որ հույս են դրել Կովկասից շատ հեռու գտնվող երրորդ ուժերի՝ բրիտանացիների, եվրոպացիների ու ամերիկացիների վրա, որ տարածքների հարցում Հայաստանը ավելի զուսպ պետք է լիներ՝ հաշվի առնելով իր սահմանափակ ուժերը, եւ որ Արցախի հարցում պետք էր ավելի կառուցողական լինել Ադրբեջանի հետ։
Պատասխանատվությունը կրելու եւ ինքնաքննադատության ամենաակնառու գործը Քաջազնունու՝ 1923-ին ՀՅԴ խորհրդաժողովին ուղղված զեկուցագիրն էր, որը ամիսներ անց լույս տեսավ առանձին գրքույկով՝ «ՀՅ Դաշնակցությունն անելիք չունի այլեւս» ճչացող վերնագրով:
2020 թվականի 44-օրյա աղետի, այն է՝ մի քանի հազար զոհերի, 10 հազարից ավելի վիրավորների ու հաշմանդամների, շուրջ 8000 քառ. կմ հողերի կորստի հիմնական մեղավորները՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ամեն ինչ անում են, որ իրենց վրա չմնա պատերազմի եւ պարտության պատասխանատվությունը։
Զինված ուժերի նախկին Գլխավոր շտաբի պետի եւ վարչապետի բառակռիվը այդ շարքից է։
Քանի դեռ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության են, նրանց հաջողվելու է խուսափել պատասխանատվությունից՝ լինի իրավական, բարոյական թե պատմական հարթության վրա։ Հենց պատասխանատվության վախն է, որ Փաշինյանին ու նրա թիմին այսուհետ ստիպելու է ամեն ինչ անել՝ իշխանությունը պահելու եւ աթոռներից կառչելու համար։
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը պատերազմի մեղավորների են փնտրում։ Մեղավոր են նախկինները, նախկինների նախկինները։ Մեղավոր են ինչ-ինչ հրամանատարներ։ Իրականում պատերազմում հաղթում է պետությունը, եւ պարտվում է պետությունը։
Պատմությունն արդեն գրված է․ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժամանակ ենք մենք խայտառակ պարտություն կրել, պատվազուրկ եղել։ Հոտնկայս ծափերն ու խորհրդարանի ամբիոնից աջ ու ձախ մեղավորներ փնտրելը ինքնապաշտպանական բնազդ են սոսկ։
Ինքնարդարացումներն ու մեղավորներ փնտրելը անիմաստ գործ են։ Դո՛ւք, պարոնա՛յք Փաշինյան ու իմքայլականներ, կառավարության անդամներ, Հայոց պատմության դատաստանից ու պատասխանատվությունից փախուստ չունեք։
Դուք կարող եք ընտրվել նաեւ այս անգամ, ընդ որում՝ առանց կեղծիքի, ինչպես նախորդ ընտրություններում, բայց Հայաստանի համար այլեւս անելիք չունեք։ Դուք կարող եք Հայաստանը ղեկավարել նաեւ առաջիկա տարիներին, բայց դրա գինը լինելու են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։