ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան հայտնել է, որ Սիրիայի հակամարտության գոտիներից դուրս կբերվի 120 երեխա:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Կուզնեցովան նշել է, որ 120 երեխայի փաստաթղթերն արդեն պատրաստ են, եւ մոտ ժամանակներս կգնան երեխաների հետեւից, սակայն չգիտեն՝ քանիսին կգտնեն ճամբարի տարածքում:
«Հիմա այն փուլն է, երբ երեխաներին վերադարձնելու աշխատանքն իրականացվում է լավ տեմպերով: Իհարկե, դա կարող է ընդհատվել այդ տարածքներում անկանխատեսելի դեպքերի բերումով»,- ասել է պաշտոնյան:
Աննա Կուզնեցովան ընդգծել է, որ դեռեւս ռուս երեխաներին հայրենիք վերադարձնելու երաշխիքներ չկան:
Իրաքի եւ Սիրիայի տարածքում ՌԴ անչափահաս քաղաքացիների գտնվելու վայրը հայտնաբերելու եւ նրանց Ռուսաստան տեղափոխելու գործընթացը սկսվել է 2017-ի ամռանը: Մերձավոր Արեւելքի երկրների զինված հակամարտության գոտիներից Ռուսաստան է վերադարձվել 274 երեխա. 122-ը՝ Իրաքից, 152-ը՝ Սիրիայից:
Հայրերի ընտրությամբ խեղված ճակատագրեր
Ռուսաստանի, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրների՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմն անցած քաղաքացիներ Միջին Արեւելքում ամուսնացել եւ երեխաներ են ունեցել:
Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների շարքերում կռվող եւ մարտերում զոհված ռուսաստանցիների ու եվրոպացիների որբ երեխաներին 2017-ին ահաբեկիչները սկսեցին ուղարկել ԻՊ ճամբարներ՝ գաղափարական մշակման ենթարկելու եւ զինվորական պատրաստության համար, որպեսզի հետագայում նրանք համալրեն գրոհայինների շարքերը: Նրանց մի մասին էլ տեղավորեցին ժամանակավոր կացարաններում:
Տարբեր ազգության եւ կրոնի ավելի քան 800 երեխա, որոնցից շատերի ինքնությունը չի հաջողվել պարզել փաստաթղթերի բացակայության եւ կարգավիճակի անորոշության պատճառով, հայտնվել են իրավական վակուումում: Ռուսաստանն ու եվրոպական երկրներն ամեն ինչ անում են այդ երեխաներին հայրենիք վերադարձնելու համար: