ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Նախագահը նաեւ չի դիմելու ՍԴ՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:
Նախագահ Սարգսյանը օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, ԿԸՀ ներկայացուցչի հետ:
Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների՝ օրենքը սահմանադրականության տեսանկյունից առերեւույթ խնդրահարույց չէ: Սակայն օրենքի վերաբերյալ նախագահն ունի սկզբունքային դիտարկումներ:
Ըստ այդմ՝ օրենքն ընդունվել է ԱԺ միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում: Ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունների կազմակերպմանը ողջամիտ ժամկետում պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաեւ «Ընտրական օրենսգրքի» համապարփակ փոփոխությունների գործընթացը:
Ընտրակարգին առնչվող կարգավորումները պետք է միտված լինեն ընտրողների շահերը լավագույնս ներկայացնելու տրամաբանությամբ Ազգային ժողով ձեւավորելուն: Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ:
Օրենքով մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը:
«Առանց տարածքային ցուցակների կառուցակարգի համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձեւավորած պետություններում, որտեղ կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն եւ բավարար ժամանակ՝ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականացվում է ներկայացված ծրագրերի հիման վրա: Մինչդեռ նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների եւ դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջեւ մրցակցության»,- ասված է հայտարարության մեջ: